Բաժին. Տնտեսական

MOODY'S-Ը ԿՐՃԱՏԵԼ Է ԻՍՊԱՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԵՐԸ

Միջազգային Moody’s վարկանիշային գործակալությունը վերանայել և արդյունքում 1-4 աստիճանով կրճատել է իսպանական 28 բանկերի վարկանիշերը: Ինչպես նշվում է գործակալության պաշտոնական հաղորդագրության մեջ՝ նման որոշման համար հիմք է հանդիսացել Իսպանիայի կառավարության կողմից Եվրամիության գործընկեր-երկրներին ուղղված՝ շուրջ 100 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն ստանալու դիմում-խնդրանքը: Բացի այդ, ըստ գործակալության փորձագետների՝ վերջին ժամանակահատվածում երկրի վարկունակությունը զգալի նվազել է, ինչն իր հետ բերել է տնտեսական ռիսկերի խորացում:

Նշենք, որ 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, 2011 թվականի չորրորդ եռասմայակի արդյունքների հետ համեմատած, Իսպանիայի ՀՆԱ-ն կրճատվել էր 0,3%-ով: Պաշտոնական կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տարում Իսպանիայում կգրանցվի 1,7% տնտեսական անկում, իսկ 2013 թվականին կգրանցվի ՀՆԱ-ի 0,3% աճ:

Հիշեցնենք, որ 2011 թվականի արդյունքներով Իսպանիայի բյուջեի պակասուրդը կազմել էր ՀՆԱ-ի 8,51%-ը: Երկրի բյուջեի պակասուրդի կրճատման նպատակով Իսպանիայի կառավարությունը մտադիր է բարձրացնել հարկերն ու կրճատել պետական ծախսերը: Կառավարությունը նախատեսում է այս քայլերի շնորհիվ տնտեսել 16,5 մլրդ եվրո:

Share