Բաժին. Տնտեսական

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ

Մայիսհունիս ամիսներին ՀՀ Տավուշի մարզում ոլորտային ուղղվածությամբ իրականացվել է  Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագիրը: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամից՝ ծրագրին մասնակցել են տարածաշրջանի 17 չիր արտադրողներ, ովքեր ձեռք են բերել հմտություններ ու գիտելիքներ իրենց գործունեության առանձնահատկությունների վերաբերյալ:

Հարկ է նշել` որպես արդյունք մասնակիցները ոչ միայն ֆինանսավորվել են, այլև ՄԱԿի զարգացման ծրագրի շնորհիվ համաֆինանսավորման սկզբունքով նրանց տրամադրվել են որակյալ սարքավորումներ:

Մասնակիցներին դասընթացների ընթացքում տեղեկատվություն է տրամադրվել.

– Արևային չորանոցների մասին: Հայաստանում և այլ երկրներում կիրառվող արևային չորանոցների տեսակները, արևային չորանոցների կառուցման նկարագիրը, օպտիմալ չափերը, անհրաժեշտ այլ կառույցների (ծխարան, պահեստ, այլ) չափերը, ապրանքանյութական, դրամական և  աշխատանքային ծախսումները:

– Էներգիայի այլ աղբյուրների (էլեկտրոէներգիա, գազ, այլ) օգտագործմամբ չորանոցային տնտեսությունների հիմնման նախագծի վերաբերյալ: 1. Չորանոցային տնտեսության նկարագիրը, անհրաժեշտ կառույցների` նախապատրաստական բաժանմունք, մշակման բաժանմունք, հիմնական արտադրամաս, ծխարան, պահեստարան և այլն) չափերը, կառուցապատման և մեկուսացման նյութերը: 2. Չորանոցային տնտեսությունների գործունեության համար առաջարկվող անհրաժեշտ սարքավորումների ցանկը, դրանց նկարագիրը (գները, արտադրական հզորությունները, էներգիայի ծախսը, այլ), անհրաժեշտ ապրանքները և գույքը:

– Տավուշի մարզին բնորոշ մրգի և բանջարեղենի չորացման տեխնոլոգիական շղթայի վերաբերյալ: Չորացման տեխնոլոգիական ամբողջական շղթան հումքի բերքահավաքից մինչև պատրաստի չրի պահպանում և իրացում: Չորացման տեխնոլոգիական ամբողջական շղթան ըստ մթերքների, դրամական և աշխատանքային ծախսումները, գնային և ծախսային համեմատական վերլուծություն, այլ:

ՄԱԶԾի աջակցությամբ պատրաստվում է նաև «Չրի պատրաստման Տեխնոլոգիական հրահանգներ»  գրքույկը, որը մանրամասնում է դեղձի, ծիրանի, սալորի, տանձի, խնձորի, կեռասիև բալի, արքայախնձորի, սմբուկի, լոլիկի և պղպեղի չորացման տեխնոլոգիաները: Այն կտարածվի ոչ միայն մասնակիցների շրջանում, այլ նաև ՀՀ մյուս մարզերում:    

Սկսնակների աջակցության ծրագրի մասին

2012թ.-ի ընթացքում ծրագրերն արդեն իսկ իրականացվել են Արտաշատ, Ստեփանավան, Եղեգնաձոր, Իջևան և Սևան քաղաքներում, Աշտարակ քաղաքում ծրագիրը դեռ ընթացքի մեջ է: Առաջիկայում կմեկնարկեն դասընթացները Հրազդան, Սիսիան և Գյումրի քաղաքներում:

Առ այսօր ծրագրին մասնակցել են 104 սկսնակներ, որոնցից արդեն իսկ ֆինանսավորում են ստացել 12-ը: Ֆինանսական աջակցություն են ստացել առավել իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած 12 սկսնակ գործարար: Ստացված վարկի ընդհանուր գումարը կազմել է 28.6 մլն ՀՀ դրամ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿի երաշխավորությունը` 31.5 մլն ՀՀ դրամ:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿի կողմից  աջակցություն է ցուցաբերվում սկսնակներին հենց հիմնադրման փուլում` նվազեցնելով վերջիններիս ձախողման հավանականությունը և հնարավորություն տալով ֆինանսավորման 100%-անոց վարկային երաշխավորությունների միջոցով (ՀՀում կոմերցիոն բարկերի կողմից սկսնակ գործարարներին ֆինանսավորում չի իրականացվում): Սկսնակների դասընթացներն իրականացվում են նորագույն CEFE մեթոդոլոգիայով, ինչն առավել մատչելի է դարձնում ծրագիրը մասնակիցների համար:

Share