Բաժին. Տնտեսական

ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝ ՏԵՂԱԿԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այսօր` հունիսի 28-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը հաստատել է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգիչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման արտոնագրման կարգը, արտոնագիր ստանալու հայտի և արտոնագրի ձևերը: Միևնույն ժամանակ, սահմանվել են նշված ապրանքի ներմուծման արտոնագրման պետական կառավարման մարմինները` ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունները։

Այս առնչությամբ ՀՀ վարչապետը նշել է, որ փաստորեն ներքին արտադրողի և ներմուծողի համար լինելու է բարդ ընթացակարգով արտոնագիր։ Դա նշանակում է, որ սահմանվելու են տեխնիկական չափանիշներ, և ներմուծողներն ու արտադրողները պետք է համապատասխանեն այդ չափանիշներին։ Ստուգումն իրականացվելու է տարին մեկ անգամ և պարտադիր կերպով։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հավելել է. «Մենք այստեղ հավասար պայմաններ ենք ստեղծում, որովհետև այս պահին ներմուծումը պարզ ընթացակարգով է, իսկ արտադրությունը` բարդ։ Ըստ էության ինչ-որ չափով պաշտպանում ենք տեղական արտադրությունը՝ ստեղծելով հավասար պայմաններ։ Այս ընթացակարգով կուժեղանա նաև հսկողությունը, այդ թվում նաև սննդի անվտանգության տեսակետից։ Միաժամանակ սա համապատասխանում է նաև մեր միջազգային պարտավորություններին, ըստ որոնց պետք է հավասար պայմաններ ապահովենք տեղական և օտարերկրյա ընկերությունների համար»։

Share