Բաժին. Տնտեսական

ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ՏՐԱՍԵԿԱ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ

ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Էդուարդ Բիրյուկովին: Ինչպես տեղեկացնում են նախարարության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ ճանաչողական զրույցի ընթացքում Էդուարդ Բիրյուկովը նախարարին է ներկայացրել ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացված աշխատանքները և առաջիկա գործունեության հեռանկարները։

ՏՐԱՍԵԿԱ ծրագրին անդամակցելու օրվանից Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են ավելի քան 25 տեխնիկական աջակցության և ներդրումային ծրագրեր։ Վերջին ծրագրերից է «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի ստեղծման նախագիծը և Մաստեր պլանը:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ամենակարևոր ենթակառուցվածքային ծրագրերի թվում է «Հյուսիս¬հարավ» ճանապարհային միջանցքի ստեղծման նախագիծը։ Ներկայումս բանակցություններ են տարվում նախագծի երրորդ տրանշի ֆինանսավորումն իրականացնելու ուղղությամբ։

Նշենք, որ 2012թփետրվարի վերջին երկրորդ ներդրումային համագումարում Հայաստանի Հանրապետությունը, մի շարք ծրագրերի թվում, ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման և վերակառուցման» ծրագիրը։ Վերջինիս նկատմամբ նախնական հետաքրքրություն է հայտնել Եվրոպական ներդրումային բանկը, որը կարող է Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագրի ֆինանսավորողը դառնալ։

Հանդիպման ընթացքում Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կարևորել է ՏՐԱՍԵԿԱի կողմից Հայաստանում կյանքի կոչվող ծրագրերը և հայտնել, որ դրանց շարունակականության ապահովումը իր  ուշադրության կենտրոնում է լինելու։ Փնտրվելու են նոր ուղիներ՝ ՏՐԱՍԵԿԱի  հայաստանյան ծրագրերի իրականացումն ավելի արդյունավետ և ինտենսիվ դարձնելու համար։

Share