Տնտեսական

Չինաստանը և Նիկարագուան ազատ առևտրի համաձայնագիր են ստորագրել

Չինաստանի և Նիկարագուայի իշխանություններն ազատ առևտրի երկկողմանի համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարությունը։

Համապատասխան միջկառավարական համաձայնագրերը կնքվել են տեսակոնֆերանսի միջոցով։ Չինական կողմի անունից փաստաթուղթը ստորագրել է առևտրի նախարար Վան Վենտաոն։

Չինաստանն ու Նիկարագուան ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսել են 2022 թվականի հուլիսին։ Կողմերը պայմանավորվել են վերացնել առևտրային խոչընդոտները ինչպես ապրանքների և ծառայությունների, այնպես էլ ներդրումների հետ կապված։

«Չինաստանի և Նիկարագուայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը կարևոր միջոց է երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված կոնսենսուսը գործնականում կիրառելու համար», – մեկնաբանել է ՉԺՀ առևտրի նախարարությունը, – «Սա կարևոր պատմական հանգրվան է չին-նիկարագուական առևտրատնտեսական հարաբերությունների համատեքստում»։

Share