Բաժին. Տնտեսական

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՂԲԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է «Վանաձոր քաղաքի կոշտ կենցաղային աղբի համակողմանի կառավարման հայեցակարգ» ծրագրի կիրառելիության ուսումնասիրման համար հայտարարված մրցույթում հաղթած ERM/IU/ATMS կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացնում են նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման, ֆինանսների նախարարությունների եւ Գերմանական զարգացման բանկի (KfW) միջեւ կնքված եռակողմ համաձայնագրի շրջանակում: Միջազգային մրցույթում մասնակցության հայտերի ուսումնասիրման և ծրագրի հետագա աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել էր աշխատանքային խումբ` ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանի ղեկավարությամբ:

Հանդիպման ընթացքում ERM/IU/ATMS կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են ծրագրի հետագա ընթացքը, քննարկվել են իրականացվելիք աշխատանքներին վերաբերող հարցեր:

Վ. Տերտերյանը շնորհավորել է հաղթող կազմակերպությանը եւ նշելով, որ KfW բանկը Հայաստանի կառավարության կարեւոր գործընկերներից է՝ հույս է հայտնել, որ ծրագիրը հաջող ընթացք կունենա:

Նրա խոսքով` Վանաձորի համար ծրագիրը կարեւոր նշանակություն կունենա թե բնապահպանական, թե առողջապահական առումով` լուծելով համայնքում արդեն հրատապ դարձած աղբահանության խնդիրը: Բացի դրանից` այն կարող է օրինակելի մոդել դառնալ այլ համայնքներում աղբահանության արդյունավետ կազմակերպման համար, քանի որ հանրապետության շատ համայնքներում են առկա աղբահանության կազմակերպման խնդիրներ:

Տասն ամիս հետո կազմակերպությունը Վանաձորում աղբավայրի կառուցման վերաբերյալ նախագիծ կներկայացնի:

Share