Բաժին. Տնտեսական

ՊԵԿ. ԴՐԱՄԱՇՈՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Մեկ ամիս առաջ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացրել էր, որ Երևանում արձանագրվել են դեպքեր, երբ ինչ-որ քաղաքացիներ, ներկայանալով որպես ՊԵԿ-ի աշխատակիցներ, փորձել են տնտեսվարող սուբյեկտներից գումար շորթել:

ՊԵԿ-ը հայտնել էր, որ քայլեր են իրականացվում վերոհիշյալ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ. մասավորապես, կազմվել էր կասկածյալի ֆոտոռոբոտը և տրամադրվել հարկային տեսչություններին ու տնտեսվարող սուբյեկտներին:

Նշված հանցագործությունը կատարելու համար ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության և ոստիկանության համատեղ գործողությունների արդյունքում հուլիսի 2-ին ձերբակալվել է  ՀՀ քաղաքացի, 1979թ. ծնված, նախկինում խարդախության համար դատապարտված Արման Գառնիկի Վարդանյանը:  ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ Մելքոն Աղաջանյանի խոսքերով, վերջինս այս ընթացքում 18 տնտեսվարողներից փորձել է շորթել 40-60 հազարական դրամ:

Կոմիտեն դիմում է բոլոր հարկ վճարողներին` նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել իրենց սպասարկող հարկային տեսչություն կամ զանգահարել 060 544 866 հեռախոսահամարով կամ  դիմել ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն` 060 54 44 44 հեռախոսահամարով:

Share