Բաժին. Տնտեսական

ԿԱՅԱՑԵԼ Է ԿՈՆՅԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Կոնյակագործության ոլորտային խորհրդի ընդլայնված կազմով նիստ: Նիստը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

ՀՀ էկոնոմիկայի  նախարարության Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նիստին մասնակցել են խորհրդի կազմում ընդգրկված անդամները, այդ թվում` պետական գերատեսչությունների, կոնյակագործության և գինեգործության ոլորտը ներկայացնող ընկերությունների և ասոցիացիաների, ինչպես նաև այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերն առնչվել են կոնյակագործության ոլորտի 2012-2015թթ. գործողությունների ծրագրի նախագծի քննարկմանն ու հաստատմանը, կոնյակագործության և գինեգործության խորհուրդների միավորմանը, ինչպես նաև Հայաստանի գինեգործության ոլորտի զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագծի քննարկմանը:

Օրակարգում ներկայացված հարցերի շուրջ քննարկման արդյունքում Կոնյակագործության ոլորտի 2012-2015թթ. գործողությունների ծրագիրը հավանության է արժանացել խորհրդի անդամների կողմից և առաջիկայում կներկայացվի ՀՀ վարչապետին կից Արդյունաբերական խորհրդի քննարկմանը: Նիստի շրջանակներում որոշվել է նաև աշխատանքների արդյունավետ կազմակերպման և համակարգման նպատակով միավորել կոնյակագործության և գինեգործության խորհուրդները:

Միևնույն ժամանակ, Հայաստանի գինեգործության ոլորտի զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագիծը որոշվել է լրամշակել՝ նիստի ընթացքում մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա և առաջիկա նիստում ներկայացնել խորհրդի քննարկմանը:

Share