Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱԶԲ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը` մեր երկրում մշտական առաքելության ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլի գլխավորությամբ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի քաղաքաշինության ոլորտի և Ասիական զարգացման բանկի համագործակցության զարգացման հեռանկարները:

Դեյվիդ Դուոլը տեղեկացրել է, որ ներկայումս մշակվում է մեր երկրի և Ասիական զարգացման բանկի միջև հետագա 5 տարիների համագործակցության ծրագիրը, հետևաբար նման հանդիպումները կնպաստեն ծրագրի նպատակային մշակմանը:

Նախարար Սամվել Թադևոսյանը նախ շնորհակալություն է հայտնել գործնական կապերն ամրապնդելու և առաջիկա աջակցման ծրագրերը քննարկելու Ասիական զարգացման բանկի նախաձեռնողականության համար: Ներկայացնելով բանկի հետ համագործակցության հնարավոր ուղիները` նախարարն առանձնացրել է 3 հիմնական ծրագրեր. առաջինը` քաղաքաշինական նախագծերի տեխնիկական աջակցությունն է Գյումրի, Վանաձոր, Դիլիջան և Ջերմուկ քաղաքներին, երկրորդը` կոշտ թափոնների կառավարման համազգային ռազմավարության աջակցության ծրագիրը,  երրորդ` քաղաքաշինական ծրագրերի իրականացման գործակալության կազմավորման համար ինստիտուցիոնալ աջակցման ծրագիրը:

ՀՀ քաղաքաշինության նախարարության հայտարարության համաձայն՝ հայկական կողմից առաջարկություն է եղել նաև աջակցություն ցուցաբերել բնակարանային ֆոնդի և անավարտ շինարարության օբյեկտների գույքագրման աշխատանքների, շենք-շինությունների տվյալների բազայի ստեղծմանը, որը քաղաքաշինության նախարարության կարևորագույն խնդիրներից մեկն է և սոցիալական մեծ նշանակություն ունի: Կողմերը պատրաստակամություն են հայտնել վերոնշյալ ծրագրերի ուղղությամբ համագործակցության առնչությամբ:

Share