Բաժին. Տնտեսական

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖՐԱՆՍԱՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՄԻՇԵԼ ՄՈՍԵՍՅԱՆԻ ՀԵՏ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 13-ին, քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում համագործակցության առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտի  անդամհամաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ ճարտարապետ Միշել Մոսեսյանի հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը և ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Ողջունելով հյուրին` քաղաքապետը, համառոտ ներկայացնելով մայրաքաղաքի պատմությունը, ընդգծել է, որ 2794-ամյա Երևանն իր պատմամշակութային ժառանգությամբ և հուշարձաններով, հնի ու նորի ճարտարապետական ինքնատիպ համադրմամբ այսօր համարվում է աշխարհի գրավիչ մայրաքաղաքներից մեկը: «Ծանոթ լինելով համաշխարհային ճարտարապետության մեջ Ձեր ներդրած ավանդին ու կարևորելով Երևանում նոր ու ժամանակակից նախագծերի և մտահղացումների կյանքի կոչման առաջնահերթությունը, կարող եմ վստահեցնել, որ ցանկացած առաջարկ, որը կնպաստի մեր քաղաքի զարգացմանը, պատրաստ ենք քննարկել և մեր իրավասությունների շրջանակում ընդառաջել»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Միշել Մոսեսյանն, իր հերթին, ընդգծելով, որ առաջին անգամ է այցելում Երևան, նշել է, որ իսկապես տպավորված է մայրաքաղաքի ճարտարապետությամբ և ցակություն է հայտնել հանրային տարածքներում ստեղծել ճարտարապետական այնպիսի լուծումներ, որոնք առավել ներկայանալի ու հարմարավետ կդարձնեն Երևանը:

Ողջունելով աշխարհահռչակ ճարտարապետի ցանկությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է քաղաքապետարանի պատասխանատուների հետ համատեղ անցկացնել մասնագիտական քննարկում և ձևավորել հստակ առաջարկ:

Share