Բաժին. Տնտեսական

J.P.MORGAN CHASE-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 10% ԱՆԿՈՒՄ

Ամերիկյան J.P.Morgan Chase & Co. ներդրումային բանկն ամփոփել է 2012 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված պաշտոնական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում բանկի զուտ շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 10,1%-ով և կազմել 9,88 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, բանկի կիսամյակային հասույթը կրճատվել է 7,25%-ով և կազմել 48,23 մլրդ ԱՄՆ դոլար:

2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի տվյալների հետ համեմատած, բանկի զուտ շահույթը կրճատվել է 8,6%-ով և կազմել 4,96 մլրդ ԱՄՆ դոլար: Հասույթն այս նույն ժամանակահատվածում կրճատվել է 17,2%-ով և կազմել է 22,18 մլրդ ԱՄՆ դոլար:

J.P.Morgan Chase & Co առևտրային բանկը հիմնադրվել է 2000 թվականին՝ Chase Manhattan Bank-ի և J.P.Morgan & Co-ի միաձուլման արդյունքում: Բանկն իր ներկայացուցչություններն ունի աշխարհի 60 երկրներում, որտեղ աշխատում է ավելի քան 200 հազար մարդ:

Share