Բաժին. Տնտեսական

ԱՅՍ ՏԱՐԻ ՀՀ ԲՈՒՀԵՐ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 12 ՀԱԶԱՐ ԴԻՄՈՐԴ

Տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության արդյունքները: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նիստի օրակարգում ընդգրկվել են մի շարք հարցեր, մասնավորապես, ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության արդյունքների ներկայացում, ատեստատ չներկայացրած դիմորդների ատեստատների ներկայացման հարցի քննարկում, ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի 105-106-րդ և 108-րդ կետերի արտոնություններից օգտվող դիմորդների ցուցակի հաստատում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2010թվականի N 447–Ն որոշմամբ հաստատված պահուստային տեղերից Մեղրիին հատկացված 6 տեղերի (ԵՊԲՀ` 2 և ՀՊՄՀ` 4) մրցույթի անցկացում և հաստատում:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ ՊՆ ներկայացվող, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի հավակնող արական սեռի դիմորդների ցուցակի նախապատրաստման, ԼՂՀ նպատակային ընդունելության ամփոփման և ըստ բուհերի ընդունելության ցուցակի հաստատման, ինչպես նաև քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումների (գրությունների) քննարկման հարցեր:

Վերոնշյալ հարցերը ներկայացրել և համապատասխան պարզաբանումներով է հանդես եկել ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, ով, մասնավորապես, տեղեկացրել է, այս տարի ՀՀ բուհեր է ընդունվել 12108 դիմորդ, որոնցից 10470-ը` վճարովի, իսկ 1638-ը` անվճար ուսուցման համակարգ:

Համաձայն ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրիկարգի 108-րդ կետի` այս տարի առանց ընդունելության քննության ՀՀ կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվել միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների  7 հաղթող, տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների  19 մրցանակակիր, ովքեր ընդունելության դիմումհայտում հայտագրել են համապատաuխան մաuնագիտությունները:

Նիստի ավարտին քննարկվել են նաև ընդունելության արդյունքում թափուր մնացած տեղերի վերաբաշխման և լրացուցիչ փուլի համար ըստ մասնագիտությունների տեղերի ներկայացման հարցեր:

Share