Բաժին. Տնտեսական

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում: Ինչպես տեղեկացնում են նախարարության Մամուլի ծառայությունից՝ այցի շրջանակներում կազմակերպվել է հանդիպում մարզի ղեկավարների, համայնքապետերի, ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ նախարարը հանգամանորեն անդրադարձել է գյուղացիների եկամուտների ավելացմանն ուղղված կառավարության աջակցման ծրագրերին, այդ թվում՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրին, վերջինիս շրջանակներում իրականացվող արոտավայրերի կառավարման, անասնապահության զարգացման և արոտների ջրարբիացման աշխատանքներին:

Նա նշել է, որ 5 համայնքներում ( Գեղամավան, Չկալովկա, Շորժա, Մադինա և Վարդաձոր) արոտավայրերի ջրարբիացման և գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման գործընթացներն արդեն ավարտական փուլում են, իսկ վեցերորդ՝ Խաչաղբյուր համայնքում, ծրագիրը նոր է մեկանրկել և ներկայումս ընթացքի մեջ է կառավարման պլանի մշակումը:

Նախարարը կարևորել է նաև կաթ վերամշակողների և կաթ արտադրողների միություններ ստեղծելու գործոնը, ինչը մեծապես պետք է նպաստի ֆերմերների և վերամշակողների հարաբերությունների կանոնակարգմանը, ապահովի կաթի մթերման խելամիտ գների ձևավորումը և արտադրվող ու մթերվող ծավալների զգալի աճը:

Աջակցման ծրագրերի շարքում նախարարը անդրադարձել է նաև ‹‹ՀՀ-ում 2010-2014թթ ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրին››՝ նշելով, որ նախորդ տարի մարզին հատկացվել է 359.85 տոննա էլիտային և 588 տոննա առաջին վերարտադրության սերմացու, որով ցանք է իրականացվել 1199.5 հա-ի վրա:

«2011 թվականի համեմատությամբ 2012թ»-ին մարզում հացահատիկի և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքերն ավելացել են 7344 հեկտարով: 1500 հա-ով ավելացել են կարտոֆիլի ցանքերը: Մարզի հողօգտագործողներին մատչելի գներով՝ մեկ պարկը 6000 դրամով, տրամադրվել է 3610 տոննա ազոտական պարարտանյութ: Մեկ այլ ծրագրով՝ մարզը մատչելի գներով ստացել է նաև 2700 տոննա դիզելային վառելանյութ››,- նշել է նախարարը,՝ հավաստիացնելով, որ այսուհետ կառավարության կողմից իրականացվող նման ծրագրերն ավելի ընդգրկուն ու հասցեական են լինելու: «Դա հնարավորություն կտա լուծել նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ գյուղատնտեսական չօգտագործվող հողատեսքերը օգտագործման ոլորտ վերադարձնելը: Պետք է հասնել այն բանին, որ առաջիկայում առնվազն դրանց 20%-ը դառնա լիարժեք օգտագործելի ու բերքատու», – նշել է նախարարը:

Օրվա երկրորդ կեսին Սերգո Կարապետյանը եղել է Մարտունու տարածաշրջանի Վարդենիկ համայնքի հացահատիկի արտերում, ուր առանձին գյուղացիներ դժգոհել են սպասվող բերքից՝ կապելով այն սերմացուի որակի հետ: Զրույցի ընթացքում շոշափվել են նաև առաջիկա բերքահավաքի կազմակերպման և աշնանացան ցորենի որակյալ սերմացուով ապահովվածության հարցեր: Նույնպիսի հարցեր են հնչել նաև Վարդենիսի տարածաշրջանի համայնքապետերի և Նորակերտ համայնքի գյուղացիների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Այցելության վերջին կանգառը Մեծ Մասրիկն էր, ուր քննարկվեց համայնքը գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրում ընդգրկելու հարցը: Առաջիկայում այստեղ կկազմակերպվի արոտօգտագործողների կոոպերացիա,որը ձեռնամուխ կլինի համայնքի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի բարելավմանն ու ջրարբիացմանը:

Share