Բաժին. Տնտեսական

5-7 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԵՆ 5000 ՀԱ ՔԻՇՄԻՇԱՅԻՆ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐ

«Հայկական բերքի առաջմղման կենտրոն»-ը, Երևանի կոնյակի գործարանի աջակցությամբ, իրականացնում է իր կողմից մշակված` Հայաստանի Հանրապետությունում խաղողի քիշմիշային տեսակների ինտենսիվ այգիների ստեղծման պիլոտային ծրագիրը:

Ինչպես տեղեկացնում են «Հայկական բերքի առաջմղման կենտրոն»-ի Մամուլի ծառայությունից՝  ծրագրի նպատակն է 5-7 տարիների ընթացքում հանրապետությունում մինչև 5 հազար հա քիշմիշային խաղողի այգիների հիմնումը և արտերկրի շուկաներում մեծ պահանջարկ ունեցող բարձրարժեք հայկական քիշմիշային խաղողի արտահանման ծավալների ընդլայնումը: Քիշմիշային տեսակների ընտրությունը պայմանավորված է նրանց ունիվերսալությամբ. դրանք կարող են արտահանվել որպես բարձրարժեք սեղանի խաղող և հումք ծառայել բարձրորակ չամիչի և գինու արտադրության համար:

Հողային և հիդրոպոնիկ եղանակներով արմատակալների ստացման համար մաքրասորտ այգիներից գարնանը մթերվել են 400 հազարից ավելի խաղողի մաքրասորտ քիշմիշային տեսակների կտրոններ: Պետական ագրարային համալսարանի Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնի Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի փորձարարական տնտեսությունում և Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տարածքում հիմնվել են շուրջ 3,1 հա տնկարաններ: “In vitro” եղանակով տնկանյութի ստացման աշխատանքներ են իրականացվում Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնում: Ծրագրի շրջանակներում կատարվում են նաև խաղողի քիշմիշային տեսակների ապրոբացիոն, սելեկցիոն և գենետիկական նույնականացման ու անձնագրավորման աշխատանքներ:

Ծրագրի իրականացման աշխատանքներին մասնակցում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Պետական ագրարային համալսարանը, Երևանի պետական համալսարանը և «Տեռաս դե Արմենիա» ընկերությունը:                                                                                                                            

Այս տարվա աշնանը տնկարաններից կստացվի 200-250 հազար բարձր որակի մաքրասորտ արմատակալներ: Ստացված արմատակալներով այս աշնանը և հաջորդ տարվա գարնանը կհիմնվեն 80-100 հա այգիներ, այդ թվում`10 հա մայրուտային այգի: 

«Հայկական բերքի առաջմղման կենտրոնը բանակցություններ է վարում հողատերերի և այգեգործների հետ` մաքրասորտ արմատակալներով ժամանակակից ագրոտեխնոլոգիաների կիրառմամբ  խաղողի այգիների ստեղծման համար: Մենք կսատարենք ներդրողներին ծրագրի շրջանակներում այգիների հիմնման, պատրաստի արտադրանքի շուկայահանման և այլ աջակցություն ստանալու գործում: Խաղողի քիշմիշային տեսակների արտադրական ծավալների ավելացմանը զուգընթաց` կներդրվեն իրացման և արտահանման երաշխավորված մեխանիզմներ», – նշել է ընկերության ներդրումների տնօրեն Ալեքսան Առաքելյանը:    

Նա տեղեկացրել է, որ ծրագիրը  նախատեսում է վերականգնել և զարգացնել մայրուտից մինչև նոր այգու հիմնադրման տեխնոլոգիական ամբողջ շղթան, տարեցտարի ընդլայնել խաղողի քիշմիշային այգիները և դրանց տարածքը հասցնել 5 հազար հա:                                                        

Share