Բաժին. Տնտեսական

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԼԵՀԱՍՏԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Երևան է ժամանել Լեհաստանի հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար պարոն Տոմաշ Տոմչիկևիչը` գործարար պատվիրակության հետ` գործարար առաքելություն իրականացնելու նպատակով: Այցելության շրջանակներում Զարգացման հայկական գործակալությունը կազմակերպել է հայ-լեհական գործարար համաժողով:

Ւնչպես տեղեկացնում են Զարգացման հայկական գործակալության Մամուլի ծառայությունից` համաժողովի շրջանակներում ելույթներով հանդես են եկել  ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար պարոն Ա. Պետրոսյանը, Լեհաստանի հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար պարոն Տոմաշ Տոմչիկևիչը, ԶՀԳ գլխավոր տնօրեն պարոն Ռ. Հարությունյանը, Լեհաստան-Հայաստան առևտրի պալատի նախագահ պարոն Զբիգնև Շմուրլոն:

Զարգացման հայկական գործակալության կողմից տեղի է ունեցել «Հայկական շուկա մուտք գործելու պայմանները, ներդրումային հնարավորությունները Հայաստանում» շնորհանդես:

Իր ողջույնի խոսքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը նշել է, որ գործարար համաժողովը Հայաստանում և Լեհաստանում գործունեություն ծավալելու գերազանց առիթ կհանդիսանա: Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարարն իր շնորհակալությունն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պետք է Հայաստանը գովազդել Լեհաստանում որպես բարենպաստ ներդրումային երկիր:

Ըստ ԶՀԳ գլխավոր տնօրենի, գործակալությունը և էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ են ամեն ինչ անել գործարարության զարգացման համար:

Այցելության մի քանի օրերի ընթացքում տեղի կունենան անհատական գործարար հանդիպումներ, ինչպես նաև այցելություններ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն համապատասխան նախարարություններ ինչպես նաև ձեռնարկություններ:

Լեհաստանից ժամանած 8 ընկերություն ներկայացնում են հետևյալ ոլորտները. միջազգային հեռահաղորդակցություն, լամպերի արտադրություն և վաճառք, խորհրդատվական ծառայությունների մատուցում, նորարարական լուծումների նախագծում, բժշկական ծառայություններ, ազատ տնտեսական գոտիներում ներդրումների իրականացում, տեքստիլ արդյունաբերություն, թափոնների կառավարում-շրջակա միջավայրի պահպանում, շինանյութեր, առևտուր, փայտամշակում-փափուկ կահույք:

2011թ. Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը  կազմել է 20,5 մլն ԱՄՆ դոլար, որից արտահանումը կազմել է 926 հազ. ԱՄՆ դոլար, ներմուծումը` 19,5մլն ԱՄՆ դոլար:

Հիմնականում արտահանվում են կաուչուկ, խմիչքներ, աղ, ցեմենտ, քար, կտավաքար և ներմուծվում են մեխանիզմներ, եթերային յուղեր, կոսմետիկա, էլեկտրական սարքավորում, թուղթ, շաքար, դեղագործական ապրանքներ և այլն:

ՀՀ-ում լեհական կապիտալով գործում են 12 ընկերություն:

Share