Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ-Ի ԴԻՏԱԿԵՏՈՒՄ ԵՆ ԱՇՏԱՐԱԿԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ԽՈՇՈՐ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) շարունակում է դեռևս նախորդ տարվանից սկսված մարզային այցերը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՏՄՊՊՀ Մամուլի ծառայությունից՝ հուլիսի 24-ին աշխատանքային խումբը կլինի Վանաձոր քաղաքում, իսկ հուլիսի 25-ին` Աշտարակում:

Միջոցառմանը ներկա կլինի Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ինչպես նաև նախատեսվում է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մասնակցությունը: Մարզային այցելությունների ժամանակ ՏՄՊՊՀ կազմում կլինեն Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, հանձնաժողովի անդամներ և աշխատակիցներ:  

Հանձնաժողովի մասնագետները շրջայց կկատարեն Վանաձորում և Աշտարակում՝ ծանոթանալու սպառողական շուկայում տիրող իրավիճակին: Փորձագետները խոշոր առևտրի կետերում կիրականացնեն մոնիտորինգ, կտեղեկանան սպառողների խնդիրներին և կուսումնասիրեն՝ արդյոք առկա են օրենքի հնարավոր խախտումներ, թե՝ ոչ: Օրենքի խախտումների դեպքում ՏՄՊՊՀ մասնագետները կձեռնարկեն համապատասխան միջոցներ:

Share