Բաժին. Տնտեսական

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «ԷյչԷսԲիՍի Բանկ Հայաստան» բանկի գործող գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդի հետ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հանդիպմանը մասնակցել է նաև բանկի ապագա գլխավոր տնօրեն Թիզ Քլեմենցը:

Ներկայացնելով քաղաքապետարանի կողմից քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր  հատվածի  հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:

«Մասնավոր կառույցների հետ արդյունավետ համագործակցության օրինակներ մենք արդեն ունենք և ողջունում ենք բոլոր այն կազմակերպություններին, որոնք շահագրգիռ և հետաքրքրված են համատեղ ծրագրերի իրականացման հարցում: Մեր լիազորությունների շրջանակում մենք միշտ աջակցում ենք մեր գործընկերներին, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Երևանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է ու պատրաստակամ է կյանքի կոչել մայրաքաղաքն առավել հարմարավետ և բարետես դարձնելու ցանկացած լավ առաջարկ», –  նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Ասթրիդ Քլիֆֆորդը նշել է, որ բանկը շահագրգռված է քաղաքապետարանի հետ համագործակցության ընդլայնման հարցում ու, հատկապես, շրջակա միջավայրի պահպանության և կանաչ տարածքների ընդլայնման ծրագրերի շրջանակում:

Հատկանշելով, որ քաղաքապետարանի կողմից այսօր լայնածավալ աշխատանքներ են տարվում այգիների, պուրակների և բակային տարածքների բարեկարգման, կանաչապատման, ինչպես նաև կանաչ տարածքների ընդլայնման ու դրանց մշտական խնամքի ապահովման ուղղությամբ՝  քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը բազմակողմանի կքննարկի բոլոր առաջարկներն ու կներկայացնի հնարավոր համագործակցության ամբողջական փաթեթ:

Share