Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԿՐՃԱՏԵԼ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ

2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հունաստանի պետական բյուջեի պակասուրդը կազմել է 12,5 մլրդ եվրո: Այս մասին հաղորդում է Հունաստանի Ֆինանսների նախարարությունը:

Նշենք, որ հաշվետու ժամանակահատվածի համար Եվրամիությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը, վարկային համաձայնագրի շրջանակներում, Հունաստանի համար որպես բյուջեի պակասուրդի վերին շեմ սահմանել էին 14,9 մլրդ եվրո մակարդակը: Ստացվում է, որ Հունաստանին հաջողվել է կատարել իր առջև դրված պարտավորությունները:

2011 թվականի արդյունքներով երկրի բյուջեի պակասուրդը կազմել էր ՀՆԱ-ի 9,1%-ը: Կառավարությունը նախատեսում է ընթացիկ տարում ցուցանիշը նվազեցնել և սահմանել ՀՆԱ-ի 7,3% մակարդակում:

Հիշեցնենք, որ Հունաստանը տնտեսական անկման մեջ է 2008 թվականից: 2011 թվականի արդյունքներով երկրի տնտեսությունը կրճատվել է 7%-ով:

Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից օգնության առաջին վարկային փաթեթը՝ 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով, Հունաստանը ստացել էր 2010 թվականին: Երկորդ փաթեթը՝ 130 մլրդ եվրո ծավալով, հաստատվել էր այս տարվա մարտ ամսին:

 

Share