Բաժին. Տնտեսական

ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 1039 ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄ

2012  թվականի առաջին կիսամյակում ՀՀ Մտավոր սեփականության գործակալությունը գյուտերի և օգտակար մոդելների մասով ստացել է 93 հայտ, որոնցից՝ 69 գյուտի և 24 օգտակար մոդելի հայտ: Միևնույն ժամանակ, ֆիրմային անվանումների մասով ստացվել է 1327 հայտ, որոնցից գրանցվել է ընդամենը 1039 անվանում, մերժվել՝ 288-ը։ Հայ”, “Հայաստան”, “Հայկական”  բառերի եւ դրանց թարգմանությունների օգտագործման համար տրվել է 4 թույլտվություն։

Ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների մասով ազգային ընթացակարգով ստացվել է ապրանքային նշանների գրանցման 862 հայտ, որից 48-ը մերժվել են: Միջազգային  ընթացակարգով ստացվել է 1680 ծանուցում, որից 186-ը մերժվել է: Միևնույն ժամանակ, ազգային ընթացակարգով ստացվել է արդյունաբերական նմուշի գրանցման 26  հայտ,  որից 7-ը գրանցվել է: Միջազգային ընթացակարգով  ստացվել է 66 ծանուցում, որից մերժվել են 4-ը:

Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալների՝ հաշվետու ամիսներին գործակալության կողմից պատրաստվել և համապատասխան գրառումներով իրավատերերին է հանձնվել 545 ապրանքային նշանների և 5  արդյունաբերական նմուշների վկայագիր, 70  գյուտի և 20  օգտակար մոդելի արտոնագիր,  հրապարակման է հանձնվել 217  ապրանքային նշաններին վերաբերող փոփոխություններ: Պատրաստվել և իրավատերերին է հանձնվել 3  հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի վկայագիր: Կայացվել է 69 պայմանագրի գրանցման մասին որոշում,  69 գրառումներ է կատարվել ապրանքային նշանների գրանցամատյանում:  Իրականացվել է 101  ապրանքային նշանների գրանցման գործողության երկարաձգում:

Տարբեր դատարաններում 128 նիստերում քննարկվել է 48 դատական գործ:

Share