Բաժին. Տնտեսական

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Վայոց Ձորի մարզ՝ գյուղացիներին ու վերամշակողներներին հուզող հարցերին տեղում ծանոթանալու նպատակով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Մամուլի ծառայությունից՝ նախարարի աշխատանքային այցը մեկնարկել է Արենի համայնքից, ուր մարզպետ Էդվարդ Ղազարյանի հետ նախարարը շրջել է 200-250 ցենտներ բերք խոստացող խաղողի և պտղատու այգիներում, ծանոթացել անհատ ձեռնարկատեր Հայկ Ոսկանյանի տնտեսությանը, եղել  «ԱՐՓԱԱԼԿՈ» գինեգործարանում, ուր գործադիր տնօրեն Միքայել Գրիգորյանի հետ քննարկել են սպասվող բերքի, մթերման ծավալների և ձևավորվող գների հետ կապված հարցերը:

Գնդեվազ համայնքում Սերգո Կարապետյանը եղել է Վարդան Հովհաննիսյանի ծիրանի նորատունկ այգում, որի մի մասն, ի դեպ, արդեն բերքի տակ էր, և հավաքվող ծիրանն անմիջապես մթերվում էր վերամշակողների կողմից, ինչպես նաև համայնքի հացահատիկի դաշտերում, ուր հասունացող բերքը ցավոք սպասվածից ցածր է լինելու:

Ջերմուկի հանքային ջրերի գործարանում նախարարին ներկայացրել են վերջին տարիներին այստեղ ներդրված առաջավոր տեխնոլոգիաներն ու սարքավորումները:

Օրվա երկրորդ կեսին նախարարն ու նրան ուղեկցող անձինք այցելել են Եղեգնաձորի պահածոների գործարան:

Այցելության արդյունքներն ամփոփվել են Վայոց Ձորի մարզպետարանում, ուր համայնքապետերի և ոլորտը ներկայացնող մասնագետների հետ հանդիպմանը նախարարը նախ ներկայացրել է նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտում արձանագրված առաջընթացը, այնուհետև խոսել ընթացիկ տարվա զարգացման միտումների, մասնավորապես, նախատեսվող յոթի փոխարեն աճի ցուցանիշը ութ տոկոսի հասցնելու անհրաժեշտության մասին:

Նշենք, որ Վայոց Ձորի մարզն անցյալ տարի գյուղատնտեսության աջակցության ծրագրերի շրջանակներում մատչելի գներով ձեռքբերված հացահատիկի սերմացուի, պարարտանյութի և դիզելային վառելիքի շնորհիվ շուրջ 80 հեկտարով ավելացրել էր հացահատիկի և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքերը: Աճել էին նաև կարտոֆիլին տրամադրված տարածքները:

Share