Բաժին. Տնտեսական

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 134 ԱՇԽԱՏԱԿԻՑ ՀԵՌԱՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) համակարգում կադրային քաղաքականության օպտիմալացման գործընթացը շարունակվում է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ հուլիսի 24-ին համապատասխան հրամանով լուծարվել է 6 տարածքային հարկային տեսչություն, ինչի արդյունքում 134 աշխատակից  հեռացվել  է համակարգից:

«Գործընթացն ինքնանպատակ չի արվում. համապատասխան հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են ՊԵԿ նախագահի տեղակալներ, վարչության պետեր, մասնագետներ, 3 ամիս տարածքային տեսչություններում ուսումնասիրություններ է կատարել: Այս  քայլերն ուղղված են համակարգը բարձրակարգ մասնագետներով համալրելուն. այն աշխատակիցներն, ովքեր չեն բավարարում այսօրվա պահանջներին, պետք է հեռանան: Կադրային քաղաքականությանն ուղղված բարեփոխումներով կոմիտեն նոր մոտեցումների ներդրմամբ ձգտում է բարձր մակարդակի հասցնել համակարգի կադրային բազան` այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին», – ընդգծել է ՊԵԿ նախագահը:

Share