Տնտեսական

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել մի շարք երկրների ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ՝ Ռուսաստանին օգնելու համար

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի, Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Թուրքիայի հինգ կազմակերպության ու երկու ֆիզիկական անձի նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի պնդմամբ, ներգրավված են իրանական հարձակողական անօդաչուների արտադրության համար մասերի գնման մեջ, որոնք հետո տեղափոխվում են Ռուսաստան: Այս մասին ասվում է գերատեսչության տարածած փաստաթղթում։

Ամերիկյան սև ցուցակում ընդգրկված ֆիզիկական և իրավաբանական անձինք «իրականացրել են մատակարարումներ և ֆինանսական գործարքներ՝ իրանական Shahed մոդելի անօդաչու թռչող սարքերի ամենակարևոր բաղադրիչ հանդիսացող սերվոշարժիչների ձեռքբերման համար», – հայտարարել է ֆինանսների նախարարությունը։ Ըստ ամերիկյան իշխանությունների՝ «Իրանը Ռուսաստանին է մատակարարում Shahed-136 անօդաչու թռչող սարք՝ Ուկրաինայում օգտագործելու համար»։

Հիշեցնենք՝ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում և արգելում ամերիկյան քաղաքացիներին և ընկերություններին առևտուր անել ներգրավված անձանց հետ:

Share