Բաժին. Տնտեսական

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԲԱՐԵԼԱՎԵՆ ԻՐԵՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հուլիսի 23-ից 24-ը հայաստանյան զբաղվածության յոթ առաջատար մասնավոր գործակալությունների և աշխատանքի հայտարարությունների կայքերի աշխատակիցները մասնակցել են կարողությունների զարգացման երկօրյա վերապատրաստմանը, որի նպատակն է աջակցել գործակալությունների կողմից տրամադրվող ծառայությունների որակի և կատարողականի բարձրացմանը, ինչպես նաև թափուր աշխատատեղի և գործատուի պահանջներին համապատասխան լավագույն թեկնածուների հավաքագրման ներուժի զարգացմանը:

Հայաստանում աշխատուժի հմտությունները միշտ չէ, որ համապատասխանում են ընկերությունների ներկա պահանջներին, ինչը խոչընդոտում է ընկերությունների մրցունակությանը:

Այս համատեքստում Հայաստանում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի զբաղվածության գծով միջազգային խորհրդատու Ֆիլիպ Հըրսթը` աջակցելու տեղական զբաղվածության գործակալությունների և կարիերայի կենտրոնների ծառայությունների կատարելագործմանը: Պարոն Հըրսթը ավելի քան տասը երկրներում զբաղվածության և կարիերայի ծառայությունների հաջողված ծրագրեր մշակելու փորձ ունի: Վերապատրաստման ընթացքում նա Երևանի զբաղվածության մասնավոր գործակալությունների աշխատակիցներին ներկայացրել է ոլորտի միջազգային լավագույն փորձը:

Վերապատրաստման մասնակիցներն այժմ կարող են ստուգել և գնահատել իրենց գործակալությունների կատարողականը, մասնակցել բիզնեսի պլանավորման, աշխատատեղերի դասակարգման, աշխատանք-թեկնածու համադրման, աշխատանք փնտրողի որակավորումների և գործատուների պահանջների գնահատման աշխատանքներին: Վերապատրաստման ընթացքում քննարկվել են նաև հաճախորդների սպասարկման և որակյալ կայքի ստեղծման թեմաները:

Վերապատրաստման նմանատիպ դասընթաց կանցկացվի նաև համալսարանների կարիերայի կենտրոնների հետ, ս.թ. հուլիսի 26-ից 27-ը:

Նշենք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (ԱՄՆ ՄԶԳ/Ի-Դի-Էմ-Սի) հնգամյա ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանում զբաղվածության և եկամուտների մակարդակը՝ խթանելով արտահանման ներուժ ունեցող արժեքի շղթաների (բարձր տեխնոլոգիաներ, դեղագործություն/բիոտեխնոլոգիա, պտուղ-բանջարեղենի վերամշակում և զբոսաշրջություն) զարգացումը:

Share