Տնտեսական

Ղազախստանում սեպտեմբերին տարեկան կտրվածքով գնաճը կազմել է 11.8%

Ղազախստանում գնաճի մակարդակը 2023-ի սեպտեմբերին տարեկան կտրվածքով կազմել է 11.8%, իսկ օգոստոսին այն կազմում էր 13.1%: Այս մասին հայտնում է Ղազախստանի ռազմավարական պլանավորման և բարեփոխումների գործակալության Ազգային վիճակագրության բյուրոն։

«Ղազախստանի Հանրապետությունում 2023 թվականի սեպտեմբերին գնաճը մեկ տարվա ընթացքում դանդաղել է և կազմել 11.8%, պարենային ապրանքների գները մեկ տարվա ընթացքում աճել են 11.4%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 12.1%-ով, վճարովի ծառայություններինը՝ 11.9%-ով։ »,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տարեկան գնաճի մեջ ամենամեծ ներդրումն ունեցել են պարենային և ոչ ալկոհոլային խմիչքները, բնակարանային ծառայությունները, հագուստը և կոշիկը։ Անցած տարվա սեպտեմբերի համեմատ 74.3%-ով թանկացել է կաղամբը, 41.3%-ով՝ բրնձինը: Խաղողի գնաճը 37.9% է, նարնջինը՝ 32.8%, պաստերացված կաթինը՝ 26.4%, ոչ գազավորված ըմպելիքինը՝ 23.9%։

18.3%-ով նվազել է հնդկաձավարի գինը, 18.1%-ով՝ շաքարավազինը, 14.8%-ով՝ արևածաղկի ձեթինը։

Նախորդ տարվա վերջին Ղազախստանում գնաճը կազմել է 20.3%՝ մնալով Ազգային բանկի կողմից սահմանված 20-21% կանխատեսվող միջակայքում։ Ղազախստանի ՀՆԱ-ի աճը 2022-ի վերջին կազմել է 3.1%։

Share