Բաժին. Տնտեսական

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ-ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՊՆ ԱՄՐԱՊՆԴՎԵԼ Է ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ

«Զարգացման հայկական գործակալություն»-ը, ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեն, «Տեքնոլոջի Տրանսֆեր Ասոցիացիա» իրավաբանական անձանց միությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ «Գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացման միջազգային համագործակցության աջակցման նորարարական կենտրոն» ստեղծելու մասին:

Համաձայնագիրը կնքել են ԶՀԳ գլխավոր տնօրեն պարոն Ռ. Հարությունյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ պարոն Ս. Հարությունյանը և «Տեքնոլոջի Տրանսֆեր Ասոցիացիա»-ի նախագահ պարոն Մ. Աբովյանը:

Կոմիտեի նախագահը ողջունել է այս նախաձեռնությունը և հույս հայտնել, որ համագործակցության արդյունքում կլինեն գիտությունտնտեսություն կապի ամրապնդմանն ուղղված բազմաթիվ նորարարական ծրագրեր, որոնք կնպաստեն ՀՀում տնտեսության զարգացմանը, գիտնականների տնտեսական հատվածի ինտեգրմանը, գիտական ծրագրերի առևտրայնացման խնդիրների լուծմանը:

Համաձայնագրի ստորագրմամբ կողմերը պարտավորվում են կենտրոնացնել իրենց հնարավորությունները և ստեղծել կենտրոն, որի նպատակն է նպաստել ՀՀում նորարարական գործունեությանը, առևտրայնացման ներուժ ունեցող գիտատեխնիկական մշակումների իրականացմանը, գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացմանը, նոր տեխնոլոգիաների ստեղծմանն ու կիրառմանը, գիտությունտնտեսություն կապի ամրապնդմանը և ոլորտում պետությունմասնավոր հատված համագործակցության զարգացմանը:

Համաձայնագրի համաձայն՝ Գիտության պետական կոմիտեն պարտավորվում է աջակցել գիտական արդյունքների առևտրայնացմանը, տնտեսության մեջ ներդրմանը, խթանել ՀՀ գիտական կազմակերպությունների, գիտական աշխատողների խմբերի և գիտական աշխատողների կողմից կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված նորարարական ծրագրերը:

Համաձայնագրի մյուս կողմերը պարտավորվում են կազմակերպել կենտրոնին ներկայացված ծրագրերի փորձաքննությունների ընդհանուր գործընթացը, ծրագրերի տեխնիկական իրագործելիության փորձաքննությունը, հայկական նորարարական տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող օտարերկրյա կազմակերպությունների համար գործնական այցեր և տեղական համապատասխան կազմակերպությունների հետ հանդիպումներ, տեղեկատվություն տրամադրել գործարար շրջանակներին առկա տեխնոլոգիաների, տեխնոլոգիական լուծումների, նորարարական առաջարկների և բիզնես նախագծերի մասին,  խորհրդատվություն տրամադրել մտավոր սեփականության, գիտատեխնիկական մշակումների արտոնագրման և այլ իրավական հարցերի վերաբերյալ:

Share