Տնտեսական

Կայացել է ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը

ՊԵԿ նախագահի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, հրավիրված հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները: 

ՊԵԿ նախագահը կարևորել է պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսությունը և խորհրդի անդամների ակտիվ մասնակցությունը՝ ներկայացվող օրենսդրական նախագծերի շուրջ քննարկումներին: 

Խորհրդի նիստի օրակարգում էր կոմիտեի նախաձեռնած հարկային օրենսդրության փոփոխությունների ներկայացումը: Մասնավորապես, Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին մի շարք նախագծերի շրջանակում քննարկվել են թեթև մարդատար ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի հաշվանցման և վերաձևակերպման հետ կապված հարցեր։ Անդրադարձ է կատարվել ավտոմեքենաների մասով հաշվանցման սահմանափակումներին, ինչպես նաև տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ բնապահպանական հարկի դրույքաչափերին: 

Դիտարկվել են հարկային ստուգումները և վաղեմության ժամկետները, այդ թվում՝ համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը հրապարակելու պահանջը, ինչպես նաև համալիր հարկային ու տրանսֆերային գնագոյացման ստուգումների հանձնարարագիրը հարկ վճարողին ներկայացնելու ժամկետը։ 

Անդրադարձ է եղել նաև տույժի դրույքաչափի փոփոխությանը: Ընդգծվել են հարկային չարաշահումներին առնչվող դեպքերն ու հարկային վարչարարության կիրառման անհրաժեշտությունը: 

Խորհրդի անդամների միջև ծավալվել են ակտիվ քննարկումներ ներկայացված նախագծերի, ինչպես նաև բարձրացված հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող  հարցերի շուրջ: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել ողջամիտ դիտարկումներով և կառուցողական առաջարկներով։

ՊԵԿ նախագահն, ամփոփելով երկխոսության արդյունքում խորհրդի անդամների կողմից ներկայացված դիտարկումներն ու առաջարկները, նշել է, որ դրանք խորությամբ կուսումնասիրվեն և ըստ անհրաժեշտության կիրականացվեն համապատասխան փոփոխություններ։

Միաժամանակ, կոմիտեն պատրաստակամություն է հայտնել հասարակական խորհրդի անդամների հետ համատեղ աշխատանքի միջոցով կազմակերպել մասնագիտական աշխատանքային քննարկումներ և մշակել ներկայացված հարցերի առավել արդյունավետ լուծումներ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկայում կազմակերպել հաջորդ նիստը՝ հարկային օրենսդրության փոփոխություններին ուղղված նախագծերի մասով քննարկումը շարունակելու, ինչպես նաև մաքսային վարչարարությանն առնչվող հարցեր ներկայացնելու նպատակով։

Share