Բաժին. Տնտեսական

ՎԱՐՉԱՊԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐՈՒԺՆ ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ ՍՓՌՎԱԾ ՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն «Այբ» ավագ դպրոցում հանդիպել է «Լույս» հիմնադրամի ուսանողներին, հանդես եկել «Հայկական աշխարհ» թեմայով դասախությամբ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին և այդ համատեքստում Հայաստանի զարգացման տենդենցներին ու տարածաշրջանային գործընթացներին:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի զարգացման ներուժն աշխարհով մեկ սփռված հայությունն է, ուստի պետությունը պետք է ստեղծի այնպիսի նոր գործիքներ, որոնք հնարավորություն կտան համախմբել հայերին և բազմապատկել մեր ժողովրդի կազմակերպվածությունը: Կառավարության ղեկավարի կարծիքով` աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխություններին համընթաց «Հայկական աշխարհ»-ի գործոնը տարեց-տարի ավելի նշանակալի է դառնալու` ստիպելու մեզ որպես ազգ դառնալ ավելի միասնական: «Այդ առումով, կարևորագույն գործիքներից են «Լույս» հիմնադրամը, պետություն-մասնավոր համագործակցությամբ Ազգային մրցունակության խորհուրդը, որի կազմում են աշխարհի տարբեր պետություններում հաջողության հասած հայազգիները: Խորհրդի նպատակն է՝ ազգային մրցունակության բարձրացումը` «Հայկական աշխարհ»-ի ներքո»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Վարչապետի խոսքով` «Հայկական աշխարհ» նախագծի իրականացումն արդիական են դարձրել ժամանակակից աշխարհի բազմազանությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում աշխարհի արագ փոքրացումը և այլն: 

Կառավարության ղեկավարը նկատել է, որ ներկայում քիչ երկրներ կան, որոնք գտնվում են այնքան բարդ իրավիճակում, որքան Հայաստանը, որը չունի ծով, երկու հարևանների` Ադրբեջանի ու Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, Իրանի դեմ կիրառվող միջազգային սանկցիաներն էլ դժվարացնում են Հայաստանի վիճակը: «Հասկանալի է, որ այսպիսի իրավիճակը տնտեսության համար ստեղծում է բարդ պայմաններ, բարձրացնում քաղաքական ռիսկերը և այլն: Այսինքն, մենք պարտավոր ենք մեր տնտեսական մոդելը քննարկելու ժամանակ հաշվի առնել այս օբյեկտիվ միտումները»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի զարգացման մյուս միջոցն էլ ինտեգրումն ու շուկաների ընդլայնումն է. երկիրը պետք է օգտագործի իր բոլոր հնարավորությունները` Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի հետ մաքսիմալ ինտերգրացիա ապահովելու համար: «Սակայն հաշվի առնելով այն, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը բավականին դժվար խնդիր է, մենք պետք է շեշտադրում կատարենք երկրի ներքին ռեսուրները և «Հայկական աշխարհ»-ի ներուժն ավելի լավ կազմակերպելու վրա»,- ընդգծել վարչապետը: 

«Լույս» հիմնադրամի 150 ուսանողներ «Զարգացնենք Հայաստան»-ը ծրագրի շրջանակներում 2012 թ.-ի հուլիսից աշխատել են Հայաստանի և Արցախի տասը համայնքներում` գյուղերում և քաղաքներում, բացահայտել են վերջիններիս զարգացման միջոցառումներն ու ծրագրերը, որոնք էլ հանդիպման ընթացքում ներկայացրել են կառավարության ղեկավարին:

Share