Տնտեսական

Վրաստանն ու Ֆրանսիան պայմանավորվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շուրջ

Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան և նրա ֆրանսիացի գործընկեր Մարկ Ֆենոն ագրոարդյունաբերական ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնել է վրացի պաշտոնյայի մամուլի ծառայությունը։

«Համաձայնագիրը սահմանում է երկու երկրների միջև համագործակցության ոլորտները այնպիսի իրավասությունների շրջանակում, ինչպիսիք են հողերի բարելավումը, հողերի կառավարումը, անտառային տնտեսությունը, անասնապահությունը և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել է Շամուգիան փաստաթղթի ստորագրումից հետո, օտարերկրյա գործընկերների աջակցությամբ իրականացվող բոլոր ծրագրերն ուղղված են գյուղատնտեսության ոլորտում ներուժի առավելագույն իրացմանը և վրացական մրցունակ գյուղատնտեսական արտադրանք տալը և վաճառքի հասանելությունը միջազգային շուկաներում։

Նախարարների միջև համաձայնագիրը ստորագրվել է Կլերմոն-Ֆերան քաղաքում, որտեղ ընթանում է գյուղատնտեսական ցուցահանդեսը։ Վրաստանը միջոցառմանը մասնակցել է պատվավոր հյուրի կարգավիճակով:

Share