Տնտեսական

ՄԱԿ-ը հացահատիկի պաշարների ռեկորդային մակարդակ է կանխատեսում

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը բարձրացրել է 2023-ին հացահատիկի համաշխարհային արտադրության իր կանխատեսումը` հասցնելով այդ թիվը մինչև 2.819 միլիարդ տոննայի, ինչը 0.9 %-ով բարձր է 2022 թվականի մակարդակից:

Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում բերքատվության ավելի մեծ աճ է կանխատեսվում, քան նախկինում։ Դա պայմանավորված է բարենպաստ եղանակային պայմանների պահպանմամբ: Դրան հակառակ՝ Կանադայում կանխատեսվում է ավելի վատ բերքատվություն, որը կապված է այդ երկրի հիմնական գյուղատնտեսական շրջաններում երկարատև երաշտի հետ:

Ըստ կանխատեսման՝ աշխարհում հացահատիկի պաշարները 2024-ի սեզոնի վերջում կկազմեն 884 միլիոն տոննա, ինչը 3 %-ով կգերազանցի  սեզոնի բացման պահի մակարդակը և կդառնա ռեկորդային ցուցանիշ։

ՄԱԿ ՊԳԿ-ի հաղորդագրությունում անդրադարձ է կատարվում նաև պարենի համաշխարհային գների ինդեքսին, որը սեպտեմբերին չի փոփոխվել։ Գների նվազում է դիտվել բուսական յուղի, կաթնամթերքի և մսի շուկայում, մինչդեռ շաքարի և եգիպտացորենի գները բարձրացել են։

Share