Բաժին. Տնտեսական

Հայտնի է 2023թ. տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիրը

Տնտեսագիտության բնագավառում Շվեդիայի Պետական ​​բանկի 2023 թվականի Ալֆրեդ Նոբելի հիշատակի մրցանակը շնորհվել է ամերիկացի հետազոտող Կլաուդիա Գոլդինին։ Այդ մասին հայտնել է Գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։

Մրցանակը կտրվի «Աշխատաշուկայում կանանց դերի մասին պատկերացումների բարելավման համար»:

Ինչպես պարզաբանում է կոմիտեն, դափնեկիրը «բացահայտել է աշխատաշուկայում գենդերային տարբերությունների հիմնական պատճառները»։ Գոլդինը ներկայացրել է «դարերի ընթացքում կանանց եկամուտների և աշխատաշուկային մասնակցության առաջին համապարփակ հաշվետվությունը»:

«Նրա հետազոտությունը բացահայտում է փոփոխությունների պատճառները, ինչպես նաև գենդերային պահպանվող ​​ճեղքվածքի հիմնական աղբյուրները», – ասված է կոմիտեի հիմնավորման մեջ:

Շվեդ փորձագետները նշել են, որ թեև վերջին հարյուր տարվա ընթացքում աշխատաշուկայում կանանց թիվը եռապատկվել է, այնուամենայնիվ, գենդերային զգալի տարբերությունները պահպանվում են:

«Վերջին հարյուրամյակի ընթացքում վճարովի աշխատանքով զբաղվող կանանց բաժինը եռապատկվել է եկամտի բարձր մակարդակ ունեցող շատ երկրներում: Դա մեր ժամանակներում խոշորագույն սոցիալական և տնտեսական փոփոխություններից մեկն է աշխատաշուկայում, սակայն գենդերային զգալի տարբերությունները պահպանվում են: 1980-ական թվականներին հետազոտողն առաջին անգամ կիրառել է համապարփակ մոտեցում այդ տարբերությունների աղբյուրի բացահայտման համար: Կլաուդիա Գոլդինի հետազոտությունը մեզ նոր և շատ առումներով զարմանալի ըմբռնում է տվել աշխատաշուկայում կանանց պատմական և արդի դերի վերաբերյալ», – նշում են նրանք:

Share