Տնտեսական

ԱՄՀ-ն բարելավել է 2023-ին Ռուսաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

Արժույթի միջազգային հիմնադրամը ճշգրտել է Ռուսաստանի տնտեսական զարգացման իր գնահատականները՝ բարելավելով 2023-ի կանխատեսումները և վատթարացնելով 2024-ի կանխատեսումները։ Այս մասին ասվում է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին հիմնադրամի հրապարակած զեկույցում։

ԱՄՀ-ն ակնկալում է, որ 2023-ին Ռուսաստանի ՀՆԱ-ն կաճի 2.2%-ով, իսկ 2024 թվականին՝ 1.1%-ով։ Զեկույցի համաձայն՝ հիմնադրամը բարելավել է 2023-ին այս ցուցանիշի աճի կանխատեսումը՝ հուլիսի համեմատ 0.7 տոկոսային կետով, իսկ ապրիլի համեմատ՝ 1.5 տոկոսային կետով։

«Տնտեսական աճի արագացումը արտացոլում է զգալի հարկաբյուջետային խթանումը, ուժեղ ներդրումները և սպառման կայուն դինամիկան սեղմ աշխատաշուկայում», – նշվում է զեկույցում։

Միևնույն ժամանակ, 2024-ին Ռուսաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը հուլիսին և ապրիլին սպասվող ակնկալիքների համեմատությամբ վատթարացել է 0.2 տոկոսային կետով։ ԱՄՀ-ն նաև կանխատեսում է, որ 2023-ին Ռուսաստանի Դաշնությունում գնաճը կնվազի մինչև 5.3%՝ 2022 թվականի 13.8%-ի դիմաց: 2024 թվականին, ըստ ակնկալիքների, այդ ցուցանիշը կրկին կաճի՝ մինչև 6.3%։ Կազմակերպության գնահատականներով՝ ընթացիկ տարում Ռուսաստանում գործազրկությունը 2022-ի 3.9%-ից կնվազի մինչև 3.3%, իսկ 2024-ին՝ 3.1%։

Share