Տնտեսական

Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումն աճել է 8.5%-ով

Ընթացիկ տարվա հունվարից սեպտեմբեր Վրաստանը Ռուսաստան է արտահանել գրեթե 48 հազար տոննա գինի, ինչը 8.5%-ով ավել է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանը Ռուսաստան է արտահանել 47.95 հազար տոննա գինի՝ 129 միլիոն դոլարի, 2022-ի ինն ամիսներին նույն ցուցանիշը կազմել է 44.1 հազար տոննա՝ 109.3 միլիոն դոլարի։ Գինու բաժինը ապրանքների ՌԴ արտահանման ընդհանուր ծավալում կազմել է 25.2%։

Ֆեռոհամաձուլվածքների արտահանումը Ռուսաստանի Դաշնություն կազմել է 36.3 հազար տոննա՝ կրճատվելով 32.9%-ով։ Ռուսաստան հանքային ջրի, ինչպես նաև շաքար պարունակող գազավորված ըմպելիքների մատակարարումների ծավալն աճել է 1.5 անգամ՝ կազմելով գրեթե 150 հազար տոննա։

Ինչ վերաբերում է ավտոմեքենաների արտահանմանը, ապա ինը ամսում Ռուսաստանի Դաշնություն է մատակարարվել 4951 ավտոմեքենա։ Այս ցուցանիշը 1.5 անգամ գերազանցում է 2022-ի նույն տվյալները, սակայն մի փոքր տարբերվում է 2023-ի հունվարից օգոստոս ծավալներից։ Դա պայմանավորված է նրանով, որ օգոստոսի 1-ից Վրաստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել ԱՄՆ-ում արտադրված մեքենաները ՌԴ արտահանելու և վերաարտահանելու համար՝ կապված Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթի հետ, իսկ սեպտեմբերի 26-ից նմանատիպ սահմանափակումներ են մտել ավտոմեքենաների համար, որոնք Վրաստան են ներկրվել Եվրոպայից։

Share