Բաժին. Տնտեսական

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ

Երևանի մետրոպոլիտենի տեխնիկական վիճակին, ընթացող աշխատանքներին և զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում:

Քաղաքապետին զեկուցվել է, որ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից տեսքով կահավորված ուղևորասրահով երեք նոր շարժակազմերին մինչև տարեվերջ կգումարվի ևս երկուսը: Զեկուցվել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է որոշակի քայլեր ձեռնարկել մետրոպոլիտենի շրջակա տարածքում բարեկարգման աշխատանքներ նախաձեռնելու ուղղությամբ:

Հավանություն տալով «Զորավար Անդրանիկ» կայարանի տարածքում առևտրի կազմակերպման համար սահմանված վայրերում վարձակալի կողմից վերջերս ամբողջությամբ արդիականացված կրպակաշարերի արտաքին տեսքին` քաղաքապետը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաև մետրոպոլիտենի մյուս կայարաններում առկա առևտրային կետերը ևս միանման տեսքի բերելու ուղղությամբ:

«Հանրապետության հրապարակ» կայարանում Տարոն Մարգարյանը նախ այցելել է  ստորգետնյա պոմպակայան և ծանոթացել է մետրոպոլիտենի ստորգետնյա գրունտային ջրերի հեռացման պոմպակայանների արդիականացման ընթացիկ աշխատանքներին: Հատկանշական է, որ մետրոպոլիտենի գործարկման օրից ի վեր պոմպակայանները երբևէ չեն արդիականացվել, ինչն իր հերթին մեծապես խոչընդոտել է մետրոպոլիտենի սարքավորումների բնականոն աշխատանքին: Համալիր ծրագրի իրականացման արդյունքում ամբողջովին կլուծվի մետրոպոլիտենի ջրահեռացման խնդիրը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կայարանների պոմպակայանների արդիականացման աշխատանքներն ավարտել հնարավորին կարճ ժամկետում:

Շրջայցի շրջանակում ծանոթանալով մետրոյի կայարանների ստորգետնյա անցման և հարակից տարածքների պայմաններին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կայարաններում ավելացնել նստարանների քանակն ու բարեկարգել կայարանների մուտքերի աստիճանավանդակները:

Տարոն Մարգարյանը զրուցել է նաև ուղևորների հետ, լսել նրանց կողմից բարձրացված հարցերն ու մետրոյի սպասարկման որակի և արդյունավետության հետ կապված առաջարկությունները:

Տարոն Մարգարյանը այցելել է նաև մետրոպոլիտենի կենտրոնական կարգավարական կառավարման և տեսահսկման իրավիճակային կենտրոններ, զրուցել աշխատակիցների հետ: Զեկուցվել է, որ ուղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով մետրոպոլիտենի կայարաններում տեղադրվել են շուրջ 200 տեսախցիկներ, որոնց  աշխատանքին պլազմային մեծ մոնիտորներով 24 ժամ անընդմեջ, հետևում են մետրոպոլիտենի համապատասխան ծառայության աշխատակիցները:

Քաղաքապետը հանձնարարել է մետրոպոլիտենի աշխատանքի լիարժեք տեսահսկումն ապահովելու նպատակով կարճ ժամանակում մնացած անհրաժեշտ տարածքները ևս կահավորել տեսախցիկներով:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մետրոպոլիտենի աշխատակազմի հետ: Շնորհակալություն հայտնելով սրտացավ ու նվիրված աշխատանքի համար` քաղաքապետը վստահեցրել է, որ մետրոպոլիտենը` իր ռազմավարական նշանակությամբ, մշտապես լինելու է թե հանրապետության ղեկավարության և թե քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում: Խոսելով մետրոպոլիտենի առաջիկա անելիքների և զարգացման ծրագրերի մասին` Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ մետրոպոլիտենի ընդլայնման նպատակը մշտապես լինելու է օրակարգում, և առաջին իսկ հնարավորության դեպքում կյանքի կկոչվեն բոլոր այն զարգացման հեռանկարները, որոնք մետրոպոլիտենի աշխատանքը կդարձնեն առավել արդյունավետ:

Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերություն: Քաղաքապետին զեկուցվել է, որ տրոլեյբուսային պարկում առկա 79 շարժակազմերից այսօր շահագործվում է 60-ը: Քաղաքապետն ընդգծել է, որ  առաջիկայում քայլեր կձեռնարկվեն մայրաքաղաքում էլեկտրատրանսպորտի վիճակը բարելավելու և հավաքակայանը արդիականացնելու ուղղությամբ: 

Share