Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Սեպտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Թուրքմենստանի ԱԳ առաջին փոխնախարար Վեպա Խաջիևին: Ինչպես տեղեկացնում են նախարարության Մամուլի ծառայությունից՝ հանդիպման ժամանակ նախարար Նալբանդյանը, ողջունելով հյուրին և ընդգծելով, որ այս տարի նշվում է հայ-թուրքմենական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, բարձր է գնահատեց անկախությունից ի վեր Հայաստանի և Թուրքմենստանի միջև ձևավորված բազմոլորտ համագործակցությունը, ինչպես նաև կարծիք է հայտնել, որ երկկողմ բարձրաստիճան այցելությունները և պարբերական քաղաքական խորհրդակցությունները երկու երկրների միջև զգալի դեր ունեն հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում:

Փոխնախարար Խաջիևը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ թուրքմենական կողմը կարևորում է բարեկամական կապերի ամրապնդումը Հայաստանի հետ, և Թուրքմենստանի նախագահի գալիք այցը Հայաստան դրա ևս մեկ ապացույցն է լինելու:

Զրուցակիցները քննարկել են սեպտեմբերի 6-ին մեկնարկող հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի անցկացման և տնտեսական համագործակցության ակտիվացման, էներգետիկ և տրանսպորտային բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության, երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:

Նշենք, որ մինչ այս հանդիպումը Հայաստանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել է միջգերատեսչական խորհրդատվություն` երկու երկրների ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով: Հայկական պատվիրակությունը գլխավորել է  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Share