Բաժին. Տնտեսական

«ՍԻՍ ՆԱՏՈՒՐԱԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 10%-ՈՎ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ այցելել է «Սիս նատուրալ» ընկերություն՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և առաջիկա ծրագրերին:

Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) կողմից ընկերությունում իրականացվել է 400 մլն դրամի ներդրում: Նշված գումարից 245 մլն դրամն ուղղվելու է շրջանառու միջոցների ավելացմանը, իսկ 155 մլն-ը՝ հիմնական միջոցների համալրման և ընթացիկ վերանորոգման համար:

Ներդրումների շնորհիվ «Սիս նատուրալ»-ը ձեռք է բերել ասեպտիկ պարկերի լիցքավորման հոսքագիծ, որը հնարավորություն է տալիս վերամշակել տեղական շուկայից մթերած մրգերը, բանջարեղենը և արտադրությունում օգտագործել ամբողջ տարվա ընթացքում, փոխարինելով արտասահմանից ներկրվող նմանատիպ հումքը:

2012 թվականի ութ ամիսների ընթացքում ընկերության արտահանման ծավալները կազմել են 379 մլն դրամ, որը գերազանցում է 2011թ. արտահանման ծավալները 10 տոկոսով: Կատարված աշխատանքների արդյունքում հնարավոր է դարձել Ֆրանսիա և Ուկրաինա արտահանվող արտադրանքի ծավալները փորձնական խմբաքանակից ավելացնել մինչև արտահանվող արտադրանքի 10 տոկոսը: Ընկերությունը պլանավորում է 2012-ին արտահանման ծավալները հասցնել մոտ 500 մլն դրամի:

«Սիս նատուրալ»-ը բնական հյութերի հետ մեկտեղ սկսել է նաև արտադրել բանջարեղենային պահածոներ և մրգային մուրաբաներ: Այն ունի 100 աշխատողներ և իրացման ծավալների ավելացմանը զուգընթաց նախատեսվում է 50 տոկոսով ավելացնել նրանց քանակը՝ հասցնելով 150-ի:

2012 թվականին «Սիս նատուրալ»-ը տեղական շուկայից մթերել է 200 տոննա ծիրան, 160 տոննա դեղձ, 20 տոննա բալ, 20 տոննա ելակ, 40 տոննա մասուր, 300 տոննա նուռ:

Նշենք, որ ՀԳՏՏԶՀ-ն առաջին ներդրումային հիմնադրամն է Հայաստանում, որը նորարարական ֆինանսական գործիքների միջոցով ներդրումներ է կատարում գյուղմթերքների վերամշակման ոլորտում գործող ընկերություններում:

Share