Բաժին. Տնտեսական

ԻՏԱԼԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ԳՐԱՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին և իտալական «Ֆինեստ» ֆինանսական հաստատության նախագահ Ռենատո Պույատիին, որոնց ուղեկցել են Հայաստանում ֆերմերային տնտեսությունների, ոռոգման, գյուղմթերքների արդյունաբերության ոլորտներում ներդրումներ կատարելու հեռանկարով հետաքրքրվող իտալացի մի շարք գործարարներ:

Ինչպես տեղեկացնում են նախարարության Մամուլի ծառայությունից՝ հանդիպման շրջանակներում նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է այն ոլորտներին, ուր առկա են գործակցության հնարավորությունները: «Շատ ուրախ եմ, որ իտալացի գործարարներին հետաքրքրում է Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում համագործակցելու հեռանկարը: Պատրաստ ենք, ըստ ամենայնի, աջակցել իտալական ներդրումային ծրագրերի իրականացմանը մեզանում, մանավանդ, որ Հայաստանը ներդրումների համար գրավիչ և դեռևս ազատ դաշտ ունի»,- նշել է նախարարը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Սկապինին նշել է, որ իր երկիրն ունենալով զարգացած գյուղատնտեսություն, առավել ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Եվրոպայում գյուղատնտեսության միասնական քաղաքականության մշակման և իրականացման գործում: «Նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ավելի գործնական հուն բերելու նպատակով ձեզ հետ հանդիպման ենք հրավիրել «Ֆինեստ» իտալական ֆինանսական հաստատության նախագահ Ռենատո Պույատիին և կոնկրետ գործունեության երեք գործարարների, որոնք ներկայացնում են ոռոգման, ջերմոցային համակարգերի և դեղագործության ոլորտները», – նշել է դեսպանը:

Այնուհետև պատվիրակության ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են իրենց գործունեությունն ու ներդրումային հնավորությունները:

Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը իտալական կողմին առաջարկել է համակողմանի ուսումնասիրման համար ներկայացնել համագործակցության իրենց առաջարկներն ու հիմնավորումները, որին ի պատասխան` հյուրերը խոստացել են, հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել պահանջված տեղեկատվությունը:

Share