Տնտեսական

ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացի մասին

ԱՄՆ-ն և Չինաստանը որոշակի առաջընթաց են գրանցել իրենց ֆինանսական գերատեսչությունների միջև կապի ուղիների ստեղծման առումով։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը Bloomberg-ին տված հարցազրույցում:

Նա հիշեցրել է, որ Պեկին կատարած իր հուլիսյան այցից հետո Միացյալ Նահանգները և Չինաստանը ձևավորել են երկու աշխատանքային խումբ՝ տնտեսության և ֆինանսների հարցերով, որոնք շարունակում են աշպխատանքները։ Ամերիկացի նախարարի խոսքով՝ ֆինանսական ոլորտը համակարգող պաշտոնյաները ներգրավված են քննարկումներում՝ կապված «երկու երկրներին հուզող հարցերի» հետ:

«Յուրաքանչյուր կողմ կարող է վերցնել հեռախոսը և զանգահարել, քանի դեռ խնդիրը չի հասել իսկապես լուրջ տարաձայնությունների մակարդակի: Կարծում եմ, որ այս կարգավորումները գործում են, և մենք կշարունակենք խորացնել մեր տնտեսական հարաբերությունները»,- հավելել է նախարարը:

Ելենը նշել է, որ Միացյալ Նահանգները, կառուցելով հարաբերություններ Չինաստանի հետ, իր ազգային անվտանգությունը համարում է առաջնային, բայց նաև չի ձգտում «վնասել Չինաստանի տնտեսական զարգացմանը և չինացի ժողովրդի բարեկեցությանը»:

Share