Տնտեսական

Սաուդյան Արաբիան՝ BRICS-ին միանալու հրավերի մասին

Սաուդյան Արաբիան քննարկում է BRICS-ին միանալու հրավերը և գնահատում այն տնտեսական տեսանկյունից։ Այդ մասին Bloomberg-ին հայտնել է թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բեն Ֆադլ ալ-Իբրահիմը:

«Մենք գնահատում ենք հրավերը՝ դիտարկելով այն տնտեսական տեսանկյունից։ Մենք ուշադրություն ենք դարձնում այն ​​ամենին, ինչը կօգնի մեր տնտեսության վերափոխումն ավելի կայուն և սահուն դարձնել, ինչպես նաև կնպաստի համաշխարհային տնտեսական ճգնաժամերի դեմ պայքարին», – ասել է նա:

Սաուդյան Արաբիան շահագրգռված է մի քանի երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրեր կնքելու հարցում, սակայն նախարարը չի մասնավորեցրել՝ որ երկրների մասին է խոսքը։

«Արտահանումն աճում է այն ոլորտներում, որոնք կապված չեն նավթի առևտրի հետ, բայց ոչ այնքան արագ, որքան մենք կցանկանայինք: Մենք ցանկանում ենք հասնել ավելի բարձր տեմպերի», – նկատել է պաշտոնյան:

Նման միջոցառումներն ուղղված են թագավորության տնտեսության դիվերսիֆիկացմանը և հումքի շուկայից կախվածության նվազեցմանը։ Մասնավորապես, Սաուդյան Արաբիան նախատեսում է զարգացնել էլեկտրական մեքենաների և դեղագործական ոլորտի արտադրությունը։

Share