Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿՄՆԱ ԵՎՐՈՅԻ ԳՈՏՈՒՄ

Եվրոգոտու վարկատու երկրների և Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) ֆինանսական հսկողության տակ գտնվող Հունաստանում, որտեղ առկա է դեֆոլտի մեծ վտանգ, իրավիճակը կարող է կայունանալ մինչև այս աշնան վերջ: Նման կարծիք է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն՝ ընդգծելով, որ Հունաստանն ունի բոլոր հնարավորությունները մնալ Եվրոգոտու կազմում: «Ես հավատում եմ, որ Հունաստանը կկատարի իր ստանձնած պարտավորությունները», – նշել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Նշենք, որ այժմ «եռյակ միության»՝ Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրահանձնաժողովի և ԱՄՀ-ի ներկայացուցիչները գտնվում են Հունաստանում և ուսումնասիրում են երկրի կառավարության կողմից իրականացվող սոցիալ-տնտեսական բարեփոխումների ծրագրի ընթացքն ու ձեռքբերված արդյունքները: Առանց «եռյակ միության» դրական գնահատականի Հունաստանը չի կարող ստանալ վաևկային հերթական տրանշը:

Հիշեցնենք, որ Հունաստանը տնտեսական անկման մեջ է 2008 թվականից: 2011 թվականի արդյունքներով երկրի տնտեսությունը կրճատվել էր 7%-ով:

Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից օգնության առաջին վարկային փաթեթը՝ 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով, Հունաստանը ստացել էր 2010 թվականին: Երկորդ փաթեթը՝ 130 մլրդ եվրո ծավալով, հաստատվել էր այս տարվա մարտ ամսին:

Share