Տնտեսական

Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ 2024-ին 5.6% տնտեսական աճ կունենանք

Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2024 թվականին տնտեսական աճը կլինի 5.6%, իսկ գնաճը կմոտենա նպատակային թիրախին:

«Մենք կարծում ենք, որ այս տարվա համար տնտեսական աճը կլինի 7%-ի շրջանակներում: Նախորդ տարի 12.6% տնտեսական աճ ունենալուց հետո այս տարի կունենանք, մեր գնահատականով, 7.2%: Կարծում ենք, որ մյուս տարի աճը որոշակիորեն պետք է նվազի՝ մոտենալով պոտենցիալ աճի մակարդակին: Մեր գնահատականներով՝ այնուամենայնիվ, աճը պոտենցիալից որոշակի բարձր կլինի, քանի որ բավականին մեծ ծախսեր են նախատեսված: Բայց այս պահի դրությամբ մեր կանխատեսումներով աճը 2024-ի համար լինելու է 5.6%», – ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

ԿԲ-ն մտավախություն ունի, որ 2024-ին կառավարությունը ստիպված է լինելու իրականացնել ավելի մեծ թափով ընթացիկ ծախսեր, կապիտալ ծախսերը կարող են թերակատարվել: «Եթե կապիտալ ծախսերը մատնանշած ծավալով չարեցինք, սակայն շարունակեցինք մեծացնել ընթացիկ ծախսերը, ապա դա բերելու է պահանջարկով պայմանավորված տնտեսական աճի, որը պոտենցիալից կտրվելու է: Իսկ պոտենցիալից կտրվելու դեպքում, բնականաբար, ունենալու ենք գնաճ, որին ԿԲ-ն ավելցուկային պահանջարկի զսպման տեսանկյունից արձագանքելու է: Արձագանքը լինելու է տոկոսադրույքի բարձրացումը», – ասել է հանրապետության գլխավոր դրամատան ղեկավարը:

Գալստյանը հույս է հայտնել, որ այդ սցենարով չեն գնա: Այս պահին  Հայաստանում կա 0.1% գնաճ: Կենտրոնական բանկը կարծում է, որ հաջորդ տարի մոտենալու է նպատակային թիրախին: Նպատակային թիրախը ±4%-ն է:

Share