Բաժին. Տնտեսական

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ

2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն գործատուները պետք է բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնեն գրանցման հայտ և ամեն ամիս` անձնավորված հաշվարկ, որի մեջ պետք է արտացոլվեն ֆիզիկական անձանց վճարված եկամուտն ու դրանից հաշվարկված եկամտային հարկի չափը:

Նկատի առնելով այն հանգամանքը, որ օրենքի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ է իրագործել հանրային իրազեկման և հանրային կրթության ծրագիր, ՀՀ կառավարությունն իր որոշմամբ հաստատել է համապատասխան միջոցառումների ժամանակացույց, որով նաև հստակեցվում են յուրաքանչյուր գերատեսչության անելիքն ու պատասխանատվության շրջանակը:

«Մենք ենթադրում ենք նաև բյուջետային հատկացումներ կատարել, – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: -Մենք պայմանավորվել ենք, որ պետք է հնարավորություն տանք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանց էլեկտրոնային ստորագրության խնդիրը լուծենք: Պայմանավորվել ենք, որ բեռի մեծ մասը մեզ վրա ենք վերցնելու: Ֆինանսների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները և Պետական եկամուտների կոմիտեն միասին պետք է այդ հաշվարկները կատարեն, որպեսզի դրանց հիման վրա քաղաքական որոշում ընդունենք օժանդակելու մեր քաղաքացիներին. նրանք հունվարի մեկից պետք է պատրաստ լինեն հաշվետվություն ներկայացնել էլեկտրոնային եղանակով:  Անհրաժեշտ է ԶԼՄ-ներին ներկայացնել այս միջոցառումների տրամաբանությունը, որպեսզի մեր քաղաքացիները տեղյակ լինեն, մանավանդ, որ պետք է վերապատրաստման դասընթացներ կազմակերպվեն բոլոր մարզերում: Այսօրվանից այս տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հասարակությանը»,- շեշտել է Տիգրան Սարգսյանը:

Share