Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Մեկնարկել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Եվրոպական Միությունում նախագահող Կիպրոսի Հանրապետություն:

Նիկոսիայում  Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Կիպրոսի ղեկավարն ասել է, որ իր մոտ թարմ են եղբայրական Հայաստան այցելության հիշողությունները, որտեղ արժանացել է ամենաջերմ ընդունելության, և ուրախ է, որ հնարավորություն է ունեցել 2011թ. պետական, ապա և աշխատանքային այցելություններով ընդունել Կիպրոսում ՀՀ Նախագահին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Կիպրոսի նախագահին փոխանցել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները և նշել, որ Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ ջերմությամբ է հիշում 2011թ. Կիպրոս կատարած իր այցելությունները:

Կիպրոսի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշել են, որ վերջին տարիներն առանձնացան Հայաստանի և Կիպրոսի միջև շփումների ինտենսիվությամբ, և որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել և առկա է երկուստեք պատրաստակամություն դրանք առավել ամրապնդելու և խորացնելու համար: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայկիպրական հարաբերությունները կարելի է օրինակելի որակել իրենց փոխըմբռնման և և փոխվստահության բարձր մակարդակով:

Նախագահ Խրիստոֆիասը հանգամանալից ներկայացրել է կիպրական հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի Հանրապետության կառուցողական մոտեցումը և նախաձեռնությունները՝ ուղղված կիպրական հիմնախնդրի լուծմանը, և ափսոսում է, որ թուրքական կողմը պատշաճ կերպով չի արձագանքում այդ նախաձեռնություններին: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորել է 2011թ. ՀՀ Նախագահի՝ Նիկոսիա պետական այցելության շրջանակներում ընդունված համատեղ հռչակագիրը, որտեղ ամրագված է փոխադարձ աջակցությունը կիպրական և արցախյան հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ միմյանց մոտեցումներին:

Նախագահ Խրիստոֆիասը տեղեկացրել է նաև եվրագոտու ճգնաժամի հետևանքները վերացնելու նպատակով իրականացվող քայլերի մասին:

ԵՄում Կիպրոսի նախագահության համատեքստում հանդիպմանը անդրադարձ է արվել ՀայաստանԵվրոպական Միություն համագործակցությանը, Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին, խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի բանակցություններին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Կիպրոսի ղեկավարին ներկայացրել է հունգարաադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակը՝ այդ առումով բարձր գնահատելով միջազգային հանրության միահամուռ և միանշանակ արձագանքը:

Կիպրոսի նախագահը խնդրել է իր ողջույնները, ինչպես նաև Հայաստանի անկախության 21-ամյակի կապակցությամբ շնորհավորանքները փոխանցել եղբայրական Հայաստանի Նախագահին և ժողովրդին:

Էդվարդ Նալբանդյանը Նիկոսիայի Hilton Park հյուրանոցում մասնակցել է ՀՀ անկախության 21-ամյակի և Հայաստանի ու Կիպրոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած ընդունելությանը, որին ներկա են եղել Կիպրոսի Նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը, խորհրդարանի ղեկավար Յիանակիս Օմիրուն, ԱԳ նախարար Էրատո ԿոզակուՄարկուլիսը, Կիպրոսի կառավարության և խորհրդարանի անդամներ, Նիկոսիայում հավատարմագրված դեսպաններ, կիպրահայ համայնքի ներկայացուցիչներ:

Share