Տնտեսական

Ուզբեկստանն ու Ֆրանսիան մտադիր են եռապատկել ապրանքաշրջանառությունը

Ուզբեկստանն ու Ֆրանսիան մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան 1 միլիարդ եվրոյի՝ 2022 թվականի համեմատությամբ այն գրեթե երեք անգամ ավելացնելով։ Այս մասին հայտնել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի մամուլի ծառայությունը՝ Սամարղանդում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ընդլայնված կազմով բանակցությունների արդյունքներն ամփոփելով։

Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2022 թվականին Փարիզի և Տաշքենդի միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 377 միլիոն եվրո, 2021 թվականի համեմատությամբ Ֆրանսիայի արտահանումն Ուզբեկստան աճել է 42.1%-ով, ներմուծումը՝ 38.5%-ով:

«Գոհունակությամբ է նշվել առևտրաշրջանառության դինամիկ աճը, որը մոտ ապագայում գնահատվում է 1 միլիարդ եվրո, իսկ ընթացիկ և հեռանկարային նախագծերի պորտֆելը գերազանցում է 10 միլիարդ եվրոն»,- ասվում է հայտարարության մեջ։

Հանդիպմանը մասնակցել են Ուզբեկստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համագործակցությամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներ։ Այդ ոլորտում փոխգործակցության առաջնահերթ ուղղություններն են՝ հումքի արդյունահանումն ու վերամշակումը, արևային և հողմակայանների կառուցումը, գյուղատնտեսության և ենթակառուցվածքների զարգացումը:

Share