Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ կայացած ասուլիսի ժամանակ ներկայացրել է մայրաքաղաքի մի շարք անավարտ շենք-շինությունների հետագա ճակատագրի հետ կապված մոտեցումները:
Նարեկ Սարգսյանը նշել է, որ մի շարք կազմակերպությունների սեփականության, կառուցապատման և այլ գույքային իրավունքներով հատկացվել են հողամասեր, շենքեր կամ շինություններ, կնքվել են քաղաքաշինական գործունեություն և/կամ քաղաքաշինական ծրագիր իրականացնելու մասին համապատասխան պայմանագրեր, սակայն կազմակերպությունների կողմից ստանձնած պարտավորությունները ՀՀ օրենսդրությամբ և պայմանագրերով սահմանված պայմանների ու ժամկետների շրջանակներում չեն իրականացվել: Տվյալ տարածքները, որոնք ունեն կարևոր քաղաքաշինական նշանակություն Երևանի զարգացման և բարեկարգման, քաղաքի գլխավոր հատակագծով հաստատված կառուցապատումների և դրանց ճարտարապետական տեսքի ապահովման համար ու հիմնականում գտնվում են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի սահմաններում կամ քաղաքային նշանակության փողոցներին հարող տարածքներում, վերածվել են բարձիթողի վիճակում հայտնված շինհրապարակների` դրանից բխող բացասական հետևանքներով:
Ըստ այդմ, այդ կազմակերպություններին առաջարկվել է՝ համագործակցելով Երևանի քաղաքապետարանի հետ, մեկամսյա ժամկետում ներկայացնել հստակ, ողջամիտ ժամանակացույց կամ ծրագիր՝ այդ տարածքների Երևան քաղաքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով նախատեսված նպատակային նշանակությամբ կառուցապատումը սկսելու և ավարտելու վերաբերյալ:
Նշված ժամկետում առաջարկվող ժամանակացույցը կամ ծրագիրը չներկայացնելու և/կամ դրանց հիման վրա վերջնական համաձայնագրերի ստորագրումից հրաժարվելու, խուսափելու դեպքում ենթադրվում է, որ տվյալ կազմակերությունները հրաժարվում են քաղաքաշինական ծրագրերի իրականացումից և ստանձնած պարտավորությունների կատարումից կամ նշված տարածքների արդյունավետ և ըստ նպատակային նշանակության օգտագործման հեռանկարը բացակայում է:
Այդ դեպքում, ինչպես նշել է Նարեկ Սարգսյանը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կկիրառվեն պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ, կդադարեցվեն հողամասերի, շենքերի կամ շինությունների նկատմամբ առկա իրավունքները: Ավելին, հաշվի առնելով այդ տարածքների առանձնահատկությունները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկություն կներկայացվի ՀՀ կառավարություն՝ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ: Այնուհետև, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքները կփոխանցվեն քաղաքաշինական ծրագիրն իրականացնելու ցանկություն հայտնած իրավաբանական անձանց:
Ներկայացվել է նաև վերոնշյալ շինությունների սեփականատերերի, կառուցապատողների (իրացնողների) ցանկը և տարածքների հասցեները.
– «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ – ԵրՃՇՊՀ-ին հարող տարածք (Տերյան փողոցի վերջնամաս), 9951.64 քմ
– «Ավանգարդ մոթորս» ՍՊԸ – նախկին Երիտասարդության պալատի տարածք, Սարալանջի 1, 3.0 հա
– Գաֆեսճյան կենտրոն (կասկադում) կասկադի հետ միասին, 9.8 հա
– <Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ – Աբովյան հ. 5/5 հասցեում, 1857 քմ
– «Սասնա Երկիր» ՍՊԸ – «Հաղթանակե կամրջի մոտ գտնվող հողամասեր, 9000.քմ
– «Վալենսիա» ՀՁ ՍՊ ընկերություն – Մարշալ Բաղրամյան պող. հ.37 և հ.39, 2750քմ
– Դվին հյուրանոց – Պարոնյան 40, 1.5 հա
– «Ալ Համռա Ռիել Հսթեյթ Դիվելոփմենթ ԼԼՍ» ընկերություն – Ավան, Աճառյան փողոցի մոտ, 11 հա
– «Բիլդ» ՍՊԸ – Կայարանամեձ Հրապարակի մոտ, 12487 քմ
– «Կարուսել Իսթաբլիշմենթ» ընկերություն – նախկին «Սևանե հյուրանոցի տարածք, 4000քմ