Տնտեսական

Չինաստանն առաջիկա հինգ տարում ներմուծման ծավալը կարող է հասցնել 17 տրիլիոն դոլարի

Առաջիկա հինգ տարում Չինաստան ներմուծվող ապրանքների և ծառայությունների ծավալը կարող է հասնել 17 տրիլիոն դոլարի։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Ցյանը՝ ելույթ ունենալով Շանհայում Չինաստանի 6-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսի բացմանը։

Ըստ պաշտոնյայի՝ դա օգուտ կբերի համաշխարհային շուկային։ Չինաստանը մտադիր է կոնկրետ գործողություններ ձեռնարկել՝ կապված համաշխարհային տնտեսության վերականգնման և զարգացման գործում իր դերի հետ։

Վերջին հինգ տարվա ընթացքում Չինաստանն ավելացրել է ապրանքների ներմուծումը 47%-ով, ինչպես նաև եղել է համաշխարհային տնտեսության վերականգնման հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Չինացի պաշտոնյան ասել է, որ Չինաստանը միշտ պատրաստ է կիսել իր շուկայի հնարավորությունները:

Ներկայումս նկատվող գիտատեխնոլոգիական հեղափոխությունը փոխում է տնտեսական աճի ավանդական մոդելը, և թվայնացումը դառնում է կարևոր շարժիչ ուժ։

«Չինաստանը պատրաստ է մեծացնել համագործակցությունն այլ երկրների հետ նորարարության ոլորտում և նպաստել գիտության և տեխնոլոգիաների ինտեգրմանը տնտեսական ոլորտում», – ասել է կառավարության ղեկավարը։

Share