Բաժին. Տնտեսական

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. «Արարատ-73»-ի հաղթանակի 50-ամյակ» թեմային

2023 թվականի նոյեմբերի 8-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. «Արարատ-73»-ի հաղթանակի 50-ամյակ» թեմային:

Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրեցին «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Արարատ-73»-ի ֆուտբլիստներ Նորայր Մեսրոպյանը, Սերգեյ Պողոսյանը, Սերգեյ Բոնդարենկոն:

380 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է ֆուտբոլի գնդակ, որտեղ ներկայացված են «Արարատ» ֆուտբոլային թիմին գավաթի հանձնման արարողության դրվագներ:

Գեղաթերթիկի վերևի հատվածում պատկերված են «Արարատ» ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստներ, ինչպես նաև՝ «Արարատ-73»-ի հաղթանակի 50-ամյակին նվիրված լոգոտիպը: Գեղաթերթիկի ներքևի հատվածում ներկայացված է «Արարատ» ֆուտբոլային թիմի լուսանկարը՝ ամբողջական կազմով:

Գեղաթերթիկի և նամականիշի վրա պատկերված են «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ և ԳԱՎԱԹԱԿԻՐ», «ԱՐԱՐԱՏ-73» և «50-ԱՄՅԱԿ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

1973 թվականին «Արարատ» ֆուտբոլային թիմը մեկ խաղաշրջանում  ոչ միայն նվաճեց Խորհրդային Միության գավաթը, այլ նաև արժանացավ Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսին:

  • Թողարկման օրը` 08 նոյեմբերի 2023թ.
  • Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
  • Տպարանը` Cartor, Ֆրանսիա
  • Նամականիշի տրամագիծը` 38,0 մմ
  • Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 90,0 մմ
  • Տպաքանակը՝ 10 000 հ.
Share