Բաժին. Տնտեսական

ԱՄՀ-Ն «ՀԻԱՍԹԱՓՎԵԼ Է»

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) «հիասթափվել է» և մտադիր է կրճատել 2012 թվականի համար համաշխարհային տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումները: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՀ կառավարիչ-տնօրեն Քրիստին Լագարդը՝ նշելով, որ ԱՄՀ-ի «հիասթափության» պատճառներից մեկը ներդրողների շրջանում աճող անորոշությունն է:

Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին՝ World Economic Outlook զեկույցի համաձայն՝ 2012 թվականին համաշխարհային տնտեսությունը կգրանցի 3.5% աճ, 2013 թվականին՝ 3.9% աճ: Միևնույն ժամանակ, կանխատեսվել էր, որ ընթացիկ տարում զարգացած տնտեսությամբ երկրները կապահովեն 1.4% աճ, իսկ եվրոյի միասնական գոտու անդամ երկրները կգրանցեն ՀՆԱի 0.3% անկում:

Հիշեցնենք, որ աշնան մեկնարկին համաշխարհային տնտեսության աճի վերաբերյալ իրենց կանխատեսումներն էին կրճատել նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) և Moody’s Investors Service վարկանիշային գործակալությունը:  

Այսպես, ՏՀԶԿ կանխատեսմամբ՝ G7-ի անդամ երկրներում կգրանցվեն հետևյալ արդյունքները. 2012 թվականին Կանադայի ՀՆԱն կաճի 1,9%-ով, ԱՄՆի ՀՆԱն՝ 2,3%-ով, Ճապոնիայի տնտեսությունը կգրանցի 2,2% աճ: Միևնույն ժամանակ, Գերմանիայի համար կանխատեսվում է 0,8% տնտեսական աճ, Ֆրանսիայի համար՝ 0,1% տնտեսական աճ: Սպասվում է նաև, որ Իտալիայի տնտեսությունը կկրճատվի 2,4%-ով, իսկ Մեծ Բրիտանիայում կգրանցվի 0,7% անկում:

Share