Տնտեսական

Հնդկաստանը կարող է նվազեցնել էլեկտրոմոբիլների ներմուծման մաքսատուրքերը

Հնդկաստանը դիտարկում է էլեկտրամոբիլների ներկրման մաքսատուրքերը նվազեցնելու հնարավորությունը՝ կապված Իլոն Մասկի՝ երկրում Tesla ավտոմեքենաների արտադրության գործարան կառուցելու մտադրության հետ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հնդկական կառավարության ներկայացուցիչներին հղում անելով։

Ամերիկյան ընկերության ղեկավարությունը դիմել է Նյու Դելիին՝ նախնական սակագնային զիջման խնդրանքով, որը թույլ կտա փոխհատուցել Հնդկաստանի բարձր մաքսատուրքը՝ 70%-ով 40 հազար դոլարից պակաս և 100%-ով՝ ավելի թանկ մեքենաների համար։

Այս պահին քննարկվում է բոլոր կատեգորիաների էլեկտրոմոբիլների ներկրման մաքսատուրքերի 15%-ով նվազեցման հարցը։

Հիշեցնենք՝ Tesla-ի ղեկավարությունը վերջին տարվա ընթացքում առնվազն երեք անգամ հանդիպել է Հնդկաստանի կառավարության պաշտոնյաների հետ: Հունիսին վարչապետ Նարենդրա Մոդին Նյու Յորքում հանդիպել է Մասկի հետ և խնդրել է ձեռնարկատիրոջը դիտարկել Հնդկաստանը որպես արտադրական բազա։ Նյու Դելիի հետ բանակցությունների ժամանակ Tesla-ի ներկայացուցիչները հայտարարեցին երկրում 30 հազար դոլարից պակաս արժողությամբ մեքենաներ արտադրելու պլանների մասին, որոնք ընկերությունը կվաճառի Հնդկաստանում և այնուհետև հնարավոր է արտահանի տարածաշրջանի այլ երկրներ՝ օգտագործելով Հնդկաստանը որպես արտադրական կենտրոն:

Share