Տնտեսական

Եվրահանձնաժողովը կտրուկ բարելավել է 2023-ին Ռուսաստանի ՀՆԱ ցուցանիշի կանխատեսումը

Եվրահանձնաժողովը զգալիորեն բարելավել է 2023 թվականին Ռուսաստանի Դաշնության ՀՆԱ-ի դինամիկայի կանխատեսումը և ակնկալում է 2% աճ՝ ավելի վաղ կանխատեսված 0.9% անկման դիմաց, իսկ 2024 և 2025 թվականներին Ռուսաստանի տնտեսությունը կաճի տարեկան 1.6%-ով:

Հիշեցնենք՝ այս տարվա մայիսին հրապարակված փաստաթղթում ԵՀ-ն կանխատեսում էր Ռուսաստանի տնտեսության անկում մինչև տարեվերջ 0.9%-ով, իսկ 2024 թվականին ՀՆԱ-ի աճ՝ մինչև 1.3%:

«Ռուսաստանին հաջողվել է իր արտահանման մեծ մասն ուղղել Չինաստան, Հնդկաստան և այլ երկրներ: Այնուամենայնիվ, նավթի արդյունահանման կամավոր կրճատումները և կորցրած եվրոպական գազի շուկաները փոխարինելու դժվարությունները կսահմանափակեն արտահանման վերականգնումը տարվա երկրորդ կեսին: Ընդհանուր առմամբ, երկրի իրական ՀՆԱ-ն, ըստ կանխատեսումների, ընթացիկ տարում կաճի 2%-ով»,- նշվում է փաստաթղթում։ Կանխատեսմանը կից աղյուսակները ցույց են տալիս, որ Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը 2024 և 2025 թվականներին սպասվում է տարեկան 1.6%։

Կանխատեսվում է, որ տարեվերջին Ռուսաստանում գնաճը կկազմի 6%: Խիստ դրամավարկային քաղաքականությունը և տնտեսության դանդաղումը կհանգեցնեն գնաճի նվազմանը հետագա տարիներին՝ 2024 թվականին մինչև 4.6%, իսկ 2025-ին՝ 4%:

Share