Բաժին. Տնտեսական

ԱԼԱՎԵՐԴԻՆ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՆՈՐ ԱՂԲԱՎԱՅՐ

Ալավերդի քաղաքում շահագործման է հանձնվել կոշտ կենցաղային թափոնների նոր քաղաքային աղբավայրը: Այն կառուցվել է քաղաքի հյուսիսային մասում` 4,6 հա տարածքի վրա: Շինարարական աշխատանքներն սկսվել էին անցած տարի նոյեմբերին:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 151,4 մլն դրամ, որից 61,4 մլն դրամը հատկացվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով, 90 մլն դրամը` Ալավերդու համայնքային բյուջեից: Այդ նպատակին են ուղղվել հիմնականում համայնքային բյուջե մուտքագրված բնապահպանական վճարները:

Աղբավայրը տարեկան շուրջ 3500-3800 խմ աղբի կուտակման հնարավորություն ունի, նախնական հաշվարկներով այն կարող է քաղաքին ծառայել մի քանի տասնամյակ: Աղբավայրը կառուցելիս պահպանվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, կատարվել է նաեւ բնապահպանական փորձաքննություն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից` աղբավայրի շահագործման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Փոխվարչապետը քաղաքի եւ Թումանյանի տարածաշրջանի մի շարք համայնքների համար կարեւոր է համարել նման ծավալի աղբավայրի կառուցումը, ինչը հնարավորություն կտա բնակչությանն այս ոլորտում ավելի որակյալ ծառայություններ մատուցել եւ աղբահանության աշխատանքներն արդյունավետ ու գործող նորմերին համապատասխան կազմակերպել: Նա ողջունելի է համարել, որ ծրագրին խոշոր ներդրումով մասնակցել է համայնքը` վստահեցնելով, որ սեփական համայնքը բարեկեցիկ դարձնելուն ուղղված ցանկացած նախաձեռնություն աջակցություն կստանա նաեւ կառավարության կողմից: Ա. Գեւորգյանը հույս է հայտնել, որ Ալավերդու օրինակը տարածում կունենա նաեւ մյուս համայնքներում, եւ համայնքային նշանակության ծրագրերի իրականացման ավելի շատ նախաձեռնություններ կլինեն:

Փոխվարչապետը եղել է նաեւ Ալավերդու բժշկական կենտրոնում, ծանոթացել գլխավոր մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են “Առողջապահական համակարգի արդիականացում” ծրագրի շրջանակում: Զեկուցվել է, որ շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոսին եւ ծրագրվում է ավարտել հաջորդ տարվա սկզբին: Նախատեսվում է նաեւ մասնաշենքի վերազինում:

Ալավերդուց փոխվարչապետը մեկնել է Սանահին, այստեղ եւս ծանոթացել է վանքի վերանորոգման աշխատանքների ընթացքին: Կառավարությունն այդ նպատակով հատկացրել էր 18 մլն դոլար, ներկայումս կատարվում են վանքի տանիքի նորոգման աշխատանքներ:

Այցի շրջանակում փոխվարչապետն այցելել է նաեւ Դիլիջան, եղել միջազգային դպրոցի շինհրապարակում:  Պատասխանատուների հետ քննարկվել են շինարարական աշխատանքների կազմակերպման, անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման, դրանց որոշ հատվածների տեղափոխման հետ կապված հարցեր:

Share